Մատչելիության հղումներ

Ֆիրդուսի փողոցի կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է «Գլենդել Հիլզ»-ի բաժնետիրոջ հետ. ԹԻ


Շինարարական աշխատանքները Երևանի 33 թաղամասում, 4-ը հուլիսի, 2020թ.

Երևանի 33 թաղամասի կամ Ֆիրդուսի ու հարակից փողոցի կառուցապատմամբ զբաղվող 17 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է Էդուարդ Մելիքյանի հետ, որը տարիներ առաջ նույն տարածքում կառուցապատում սկսած, ապա սնանկացած «Գլենդել Հիլզ» ընկերության բաժնետերերից էր, վստահեցնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և այս հանգամանքի վրա հրավիրում իրավապահների ուշադրությունը։

«Այդ նույն կազմակերպությունը, դնելով այլ դիմակ և բաժանվելով, մասնատվելով 17 այլ կազմակերպությունների, ներկայանալով և հանդես գալով տարբեր այլ անուններով, իրականացնում է կառուցապատում: Տնօրենը, որը «Գլենդել Հիլզ»-ի ամբողջ կենսագրության մեջ եղել է, կամ City Center Development-ն է նաև նա կառավարել, այդ ամբողջ ընթացքում այդ մարդն է ներկայացրել այդ ամբողջ շահերը, և հիմա մի մարդը միայնակ ներկայացնում է նաև 17 կազմակերպությունների», - ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Այվազյանը բացատրում է, թե ինչու են որոշել հաղորդում ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Ըստ «Թրանսփարենսի»-ի ուսումնասիրության, հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Մելիքյանը և այլ անձինք ոչ թե մեկ, այլ տասնյակ ընկերությունների անունից հանդես գալով՝ փորձում են թվացյալ մրցակցության տպավորություն ստեղծել, ինչի արդյունքում կկարողանան հեշտությամբ յուրացնել իրացման գոտում գտնվող քաղաքացիների գույքը։

«Մի ընկերություն 17 ընկերության փոխարեն ներկայացնել, և մրցույթ չի իրականացվել անհասկանալի պատճառներով, թեկուզ Քաղաքաշինության կոմիտեն պետք է կազմակերպեր մրցույթ, և ամբողջը հանձնարարվել է հենց այդ մեկ ընկերությանը: Եթե նախորդ իշխանությունները դրա վրա աչք են փակել, թույլտվություն են տվել, դրա համար որոշումներ են ընդունել, Նարեկ Սարգսյանն է ներգրավվել այդ գործընթացներում, դա զարմանալի չէ, բայց մեզ համար խիստ զարմանալի և անընդունելի է հեղափոխությունից հետո այդ գործընթացի շարունակությունը», - նշեց Սոնա Այվազյանը:

2007 թվականից իրացման գոտու վերածված 33 թաղամասի տասնյակ բնակիչներին այդտեղից հեռացնելուց հետո փորվեցին մի քանի շինարարական փոսեր, սակայն կառուցապատում այդտեղ այդպես էլ չսկսվեց, City Center Development ընկերությանը եկավ փոխարինելու «Գլենդել Հիլզ»-ը, սայլը կրկին տեղից չշարժվեց մինչև 2018 թվականի մարտ ամիս, երբ կառավարությունը տարածքը կրկին հանրային գերակա շահ ճանաչեց։

Արդեն այս տարվա հունիսին Ֆիրդուսի փողոցի բնակիչներն ակտիվություն նկատեցին տարածքում. սկսեցին քանդվել իրացման գոտում մնացած շենքեր, սակայն, ըստ «Թրանսփարենսի»-ի, այստեղ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կառուցապատողները չունեն, այդ թվում՝ հաստատված նախագիծ, թե ի վերջո ի՞նչ է կառուցվելու Հանրապետության հրապարակին շատ մոտ գտնվող այս հսկայական տարածքում։

«Գերակա հանրային շահի որոշմամբ ստացել են նրանք այդ հիմնական թույլտվությունը, եթե կարելի է դա այդպես կոչել, բայց դրանից հետո պետք է լինի հատակագծային առաջադրանք, նախագիծ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, քաղաքաշինության փորձաքննություն: Այդ փաստաթղթերն առկա չեն», - ընդգծեց կազմակերպության գործադիր տնօրենը:

33 թաղամասի շուրջ առկա և հանրությանը մտահոգող հաջորդ խնդիրն արդեն ապագայի մասին է. ի՞նչ է կառուցվելու տեղում։ Հաստատված նախագիծ չկա, բայց շրջանառվում է այսպես ասած հայեցակարգային նախագիծ, որից դատելով՝ տարածքում կառուցվելու է կանաչ հատվածներից հիմնականում զուրկ բարձրահարկ շենքերով շրջապատված հրապարակ։

Ճարտարապետ Սերգո Տոնոյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը պետք է ժամ առաջ հրաժարվի ներկայացված հայեցակարգից՝ փոխարենը սեղանին դնելով բարձրահարակ շենքերը բացառող, տեղում եղած մի քանի պատմամշակութային արժեք ունեցող տները պահպանող կառուցապատման բոլորովին նոր նախագիծ։

«Անհասկանալի, քաղաքային պլանավորման տեսակետից անբացատրելի մի հրապարակ է, ինչո՞ւ է այդտեղ հրապարակ, ինչի՞ է ծառայելու այդ հրապարակը, ենթակառուցվածքների տեսանկյունից նույնիսկ նախապես 6-հարկանի էր նախատեսված, հիմա արդեն խոսքը 13 հարկի մասին է», - ասաց ճարտարապետը:

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամի կարծիքով՝ Հին Երևանը պահպանել ասելով նկատի չունեն չքանդել Ֆիրդուսի փողոցի ավտոտնակներն ու խարխուլ և արժեք չներկայացնող տները, խոսքը փոքր փողոցների ու գեղեցիկ տների պահպանության մասին է։

«Փողոցներն են այն երակները, որոնք ձևավորել են այս թաղամասը, և դրա պահպանումը առաջնային խնդիրը պետք է լիներ: Հնի և նորի համադրությամբ՝ ճիշտ, առողջ միջավայր, ոչ թե այն հրեշը, որ պատրաստվում են իրականացնել», - նշեց Տոնոյանը:

Սիրանույշը թաղամասում այսօր դեռ բնակվող տասնյակ մարդկանցից մեկն է, վերջին տասը տարում գերակա շահի պատճառով տանը ստիպված է եղել որևէ ներդրում չանել, ասում է՝ չնայած դրան՝ տունը հարմարավետ է։

«Սա իմ ամուսնու տունն է, նրանք կառուցել են 50 թվականին: Մինչ այսօր այս տունը շատ կանգուն է, շատ պինդ է, բայց կարելի է չէ՞ նենց անել, որ ինչ-որ տներ մնան, պահպանվեն, կողքից ինչ-որ նոր շենքեր սարքեն ոչ բարձրահարկ, կոլորիտ ստեղծեն», - ասաց Սիրանույշը:

Մեկ այլ բնակիչ՝ Անահիտ Փխրիկյանը, որ մոտ 2 հազար քառակուսի մետր տարածք ունի 33 թաղամասում, շատ հարցեր ունի կառավարությունը, առաջին հերթին՝ ինչո՞ւ նախ իրեն չեն առաջարկում ներդրում անել ու կառուցապատել դեռ 1914 թվականին Վանից գաղթած պապիկի գնած, ապա ժառանգած տարածքում, և դա պետք է անի որևէ այլ ընկերություն։

«Գերակա շահ ես պատկերացնում եմ ինչ-որ գնացքի գիծ, մայրուղի, ինչ-որ կարևոր պետության համար նախագիծ, որի համար կարող է ես էլ ընդառաջեի, բայց որ տեսնում եմ պլանը, որ իմ տան տեղը լինելու է 14 հարկանի շենք, արդեն այդտեղից դուրս է գալիս ոչ թե գերակա շահ, այլ սեփական շահ է», - ասաց Փխրիկյանը:

Այնուամենայնիվ, Անահիտը ևս քաղաքի կենտրոնում ոչ թե 14 հարկանի շենքերի, այլ ցածրահարկ շենքերի ու կանաչ տարածքի անհրաժեշտություն է տեսնում. «Ոնց որ Վրաստանում, ոնց որ Ռիգայում, ոնց որ Պրահայում, ասեն՝ «սա լինելու է Հին Երևան, լավ պահեք», ժողովուրդն ինձ թվում է շատ լավ կպահի»:

XS
SM
MD
LG