«Չեռնոբիլ. Կորցրած ժապավեններ»․ վավերագրական ֆիլմ բացառիկ տեսանյութերի բացահայտման մասին

Չեռնոբիլի ատոմակայանի վթարված ռեակտորի նորակառույց սարկոֆագը, ապրիլ, 2017թ․

HBO-ի վերջերս հեռարձակած՝ «Չեռնոբիլ. Կորցրած ժապավեններ» վավերագրական ֆիլմը Չեռնոբիլի ողբերգությունից հետո նկարահանված և նախկինում երբեք չցուցադրված բացառիկ տեսանյութերի բացահայտման մասին է։

Կադրերը, որ պահվել են Կիևի արխիվում ավելի քանի 36 տարի, նոր մանրամասներ են հաղորդում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի, ինչպես նաև՝ վթարի հետևանքների չեզոքացման գործում ներգրավված քաղաքացիական և ռազմական անձնակազմի անդամների կյանքի մասին։

Ֆիլմի ռեժիսորը «Էմմի» մրցանակակիր Ջեյմս Ջոնսն է։

«Ես մի քանի տղաների հանդիպեցի, որոնք մոտ 30 ժամ տևողությամբ կադրեր ունեին, հիմնականում լիկվիդացման աշխատանքներից: Ես նստեցի նրանց կողքին և մենք անցանք այդ կադրերով։ Անհավատալի էր, քանի որ այդ տեսանյութը, դրանք պարզապես լուրերի ինչ-որ հպանցիկ կադրեր չէին, այլ ներկայացնում էր լիկվիդացման գործում ներգրավված մարդկանց առօրյան…», - պատմում է ֆիլմի ռեժիսորը:

Չեռնոբիլ - կինը նայում է մեքենաներին, որոնց միջոցով լիկվիդացման աշխատանքներ են իրականացվել 1986-ի աղետի ժամանակ, 15-ը ապրիլի, 2021թ․

Տեսանյութի մեջ լիկվիդատորները քննարկում են, թե ինչպես է Մոսկվան նրանց օրական 150 գրամ օղի տալիս որպես ռադիոակտիվ ճառագայթման դեմ կանխարգելիչ միջոց: Երևում է, թե ինչպես են երեխաները խաղում մինչ հարակից տարածքները ենթարկվում էին ռադիոակտիվ ճառագայթման։ Եզակի են նաև՝ լիկվիդացման աշխատաքները վավերագրելու նպատակով աղետի վայր մեկնած կինոյի ինստիտուտի մի շրջանավարտի նկարահանած կադրերը։

«Նրա նկարահանած տեսանյութը տպավորիչ է, կարծես ֆիլմ լինի, շատ ազդեցիկ է։ Սակայն նա այդ կադրերը ոչ ոքի ցույց չէր տվել՝ անգամ ընկերներին և գործընկերներին։ Պատճառը ակնհայտորեն կապված է այն տրավմայի հետ, որը նա վերապրել էր այդ ժամանակ…», - հավելում է «Չեռնոբիլ. Կորցրած ժապավեններ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Ջոնսը:

Պայթյունից հետո Չեռնոբիլի ատոմակայանի առաջին լուսանկարներից մեկը, 26-ը ապրիլի, 1986թ․

Վավերագրական ֆիլմի պատմում է նաև այն մասին, թե ինչպես էր Խորհրդային Միությունը փորձում քողարկել ողբերգությունը:

«Սովետական Միությունը այն կոծկում էր. նրանց, ում մազերը բառացիորեն թափվում էին, և քաղցկեղով հիվանդացող մարդկանց ասում էին, որ դա կապ չունի ճառագայթման հետ, դա պարզապես ռադիոֆոբիա է, դա՝ իրականությունն աղավաղել, մի ամբողջ ազգի մանիպուլիացիայի ենթարկել է…», - ասում է ֆիլմի ռեժիսորը:

Կադր HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ» հեռուստասերիալից, 2019թ․

Ֆիլմի ռեժիսորը զուգահեռներ է տեսնում Խորհրդային Միության կողմից Չեռնոբիլի իրադարձությունները կոծկելու և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը հերքելու միջև:

«Ամենասարսափելին այն է, որ ֆիլմը ընդգծում է սովետական բռնճնշումների և ստերի ընթացքը, այնուհետև դրանք դեպի ազատություն և անկախություն տանող արձագանքը: Եվ Պուտինը բառացիորեն փորձում է շրջել ժամանակը», - կարծում է Ջոնսը։

Ռուսաստանի կառավարությունը HBO-ի վավերագրական ֆիլմի մասին ոչ մի մեկնաբանություն չի արել։

Ֆիլմարտադրությունը տևել է շուրջ 18 ամիս։ Ջոնսը շուտով կմեկնի Կիև, «Չեռնոբիլ. Կորցրած ժապավեններ» ֆիլմի պրեմիերան կազմակերպելու նպատակով։