ԱՄՆ-ն ողջունում է Միրզոյան-Բայրամով հանդիպումն ու ուղիղ երկխոսությունը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա հանդիպումը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թբիլիսյան հանդիպումը դրական քայլ է որակել:

Թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ ուղիղ երկխոսությունը ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենավստահելի ճանապարհն է:

Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Ջեյհուն Բայրամովն էլ նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: Երևանը և Բաքուն, սակայն, որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդել։