Մատչելիության հղումներ

Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն. Բայրամով


Այսօր Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: Այս մասին հայտնում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել է նաև «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությունը»։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Արարատ Միրզոյանն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։

Հանդիպմանը հաջորդած հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար պաշտոնական Երևանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի ԱԳ նախարարը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Երևանը և Բաքուն որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չեն հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG