Կառավարությունը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում հոսանքի և գազի գները նվազեն

Կառավարությունը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում հոսանքի և գազի գները գուցե նվազեն։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չբացառեց, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սակագները կվերանայվեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը ընգծել էր, որ տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով, սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, հայկական դրամի արժևորման հանգամանքը պետք է հաշվի առնվի հաշվարկներում։ Սակայն փոխվարչապետի խոսքով՝ այլ հարց է, թե որքան կերկարի այս իրավիճակը։

«Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է: Եվ նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է: Եվ, եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- ասաց Գրիգորյանը:

Իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ երբ դրամը արժեզրկվել է, որոշ ժամանակ անց հանձնաժողովին դիմել էին վերանայման հայտով: Կարո՞ղ է արդյոք հիմա հակառակ պատկերը լինել, չբացառելով հավանականությունը՝ փոխվարչապետ Գրիգորյանն, այդուհանդերձ, մի հանգամանք էլ ընդծեց. «Նշանակություն կունենա նաև, թե որքանով է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»:

Վերջին շաբաթներին դոլարը դրամի համեմատ կտրուկ էժանացել է. եթե ընդամենը երկու շաբաթ առաջ հայաստանյան բանկերը մեկ դոլար էին ձեռք բերում 445 դրամով, ապա այսօր քաղաքացիները դոլարը փոխանակում էին 425 դրամով։