Ուկրաինան պատրաստվում է ռուսների խոշոր գրոհին

Մարիուպոլ քաղաքը, 14-ը մարտի, 2022թ.

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 47-րդ օրը Կիևում ասում են, որ ռուսներն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են լայնածավալ գրոհի երկրի արևելյան և հարավային շրջաններում։

«Ռուսները կարող են ավելի շատ հրթիռներ և ռումբեր թափել մեր վրա, մենք ամեն ինչին պատրաստ ենք, մենք ավելի ակտիվ կզինվենք»,- ասել է Զելենսկին:

Ռուսների այդ ծրագրի մասին են նշում ոչ միայն ուկրաինական բանակի գլխավոր շտաբի, այլև արևմտյան երկրների ռազմական փորձագետները: Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Վելիկի Բուրլուկ ուկրաինական ավանից դեպի հարավ է իջնում զինվորական շարասյուն, որի երկարությունը գրեթե 13 կիլոմետր է՝ զրահամեքենաներ, հրասայլեր, հրետանի, բեռնատարներում տեղավորված հետևակ, տեխնիկա ու հանդերձանք:

Լուսանկարները տրամադրել է տիեզերական հետազոտություններ անցկացնող Maxar Technologies ամերիկյան մասնավոր ընկերությունը: Շարասյունն ուղղվում է դեպի Իզյում, որը գտնվում է Խարկովի մոտ՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանին:

Զելենսկու խոսքով, առավել ծանր իրավիճակը մարտի 1-ից պաշարված Մարիուպոլում է, քաղաք, որում նախքան պատերազմը բնակվել է կես միլիոն մարդ: Ռուսներն ամենադաժան մեթոդներով են փորձել գրավել Մարիուպոլը և այն ամբողջությամբ ավերել են:

«Մարիուպոլում փլատակներ են, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, բայց նույնիսկ այդ դեպքում ռուսները չեն դադարեցնում գրոհը, նրանք ուզում են Մարիուպոլը ցուցադրաբար վերածել ավերակների», - դիմելով Հարավային Կորեայի խորհրդարանին, ասել է Ուկրաինայի նախագահը:

Ի՞նչ է անհրաժեշտ ռուսների արշավը զսպելու համար․ Զելենսկին թվարկում է՝ հակաօդային պաշտպանություն, ինքնաթիռներ, տանկեր, զրահամեքենաներ, հրետանի, զինամթերք: «Դուք այդ ամենն ունեք»,- ասել է Զելենսկին հարավկորեացի օրենսդիրներին:

Այս նախապատրաստվող օպերացիայից առաջ Կրեմլն Ուկրաինայի ռազմարշավի հրամանատարությունը վստահել է 60-ամյա բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին: Նա համարվում է հմուտ զորավար, ժամանակին ղեկավարել է Սիրիայում ռուսական ստորաբաժանումները և նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի հերոսի կոչում է ստացել:

Վերլուծաբանների համոզմամբ, Պուտինը մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, պահանջում է ռազմական կամ դիվանագիտական էական նվաճում, որը հնարավոր կլինի ժողովրդին հրամցնել որպես կարևոր հաջողություն, քանի որ արագ և տպավորիչ հաղթանակի հույսը հօդս է ցնդել:

Դոնբասում հուժկու գործողություն նախաձեռնելու Մոսկվայի ծրագրերի մասին գիտեն նաև Բրյուսելում:

«Ռուսական ստորաբաժանումները կուտակվում են արևելքում և պատրաստվում են գրոհի, վախենամ վաղը կռիվը սաստկանա Դոնբասում», - ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը:

Ռուսաստանի քաղաքական վերնախավին խիստ վրդովեցրել է ապրիլի 8-9-ն Ուկրաինա կատարած այցից հետո Բորելի թվիթերյան գրառումն այն մասին, որ «պատերազմներում պարտվում կամ հաղթում եմ մարտի դաշտում, և պետք է օգնել Ուկրաինային»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները և Սլովակիայի վարչապետը ժամանում են Կիև

Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե «Բորելին պետք է պաշտոնանկ անել, քանի որ նրա պարտքն է որոնել հարցի լուծման դիվանագիտական ուղին»:

Բորելի մեկնաբանությանն է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա «աննախադեպ և արտառոց» է որակել Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքն, ասելով, որ եթե դա վրիպակ չէր, ապա դրանով փոխվում են խաղի կանոնները, քանզի երբևէ Եվրոպական միությունը նախկինում հանդես չի եկել որպես ռազմական միություն:

«Մենք դեռ անպայման կխոսենք դրա մասին, առաջիկա մեկ-երկու օրում մենք կներկայացնենք մեր պատասխանը», - ասել է Լավրովը:

Ռուսներն ասում են նաև, թե Բորելի այդ հայտարարությունը լիովին համապատասխանում է հանուն համաշխարհային գերակայության Ռուսաստանին պարտություն ցանկացող Վաշինգտոնի թեզին:

Մինչդեռ, Եվրամիության արտգործնախարարներն այսօր հերթական անգամ հավաքվել են Բրյուսելում, որտեղ քննարկում են Ուկրաինայի վրա ռուսների հարձակմանն արձագանքելու հետագա քայլերը:

«Սանկցիաները միշտ էլ սեղանին են, պետք է քննարկենք արդեն սահմանվածների արդյունավետությունը և սահմանվելիք միջոցները», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: