Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ կից նաև քարտեզներ հրապարակում։

2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան, իսկ մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ տեղադրված են ադրբեջանական հենակետեր. (Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը ՀՀ ԱԳՆ-ն վերցրել է ՌԴ ՊՆ կայքէջից)

Գոհունակությամբ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին, այդուհանդերձ պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի առաջարկով ենք Քարագլխի բարձունքից հանել մեր դիրքերը. Սամվել Բաբայան

«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:

Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում իրադրությունը կտրուկ սրվեց մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։ Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը «հստակ պատասխաններ է ակնկալում» ռուսական կողմից` Արցախի իրադարձությունների առնչությամբ Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, սակայն ո՛չ Արցախի նախագահի աշխատակազմից, ո՛չ կառավարությունից Փառուխից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին տեղեկատվությունը չէին հաստատում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ