Թուրք միջազգայնագետի կարծիքով, պաշտոնական Անկարան փորձում է մանևրել կողմերի միջև

Անկարան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ռուս-ուկրաինական ճգնաժամը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Թուրքիայի նախագահական գրասենյակի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես բելառուսական Գոմել քաղաքում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև հրադադարի հարցով կայացած բանակցությունները:

Նախօրեին շուրջ հինգ ժամ տևած բանակցությունները արդյունք չեն տվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Թուրքիայի ղեկավարը բելառուսցի գործընկերոջը հայտնել է, որ Անկարան շարունակելու է ջանքերը պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման ուղղությամբ: Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնական Մինսկը ևս նման դիրքորոշում ունի: Բելառուսական աղբյուրների համաձայն, շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացում շոշափվել է նաև Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հարցը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելության ձգտող Անկարան վճռական է նաև կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, նախօրեին կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահը. - «Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան վճռական է՝ փակել նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմանավերի համար

Ավելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով փակել ռուսական նավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով, քանի որ ռուսական ռազմածովային ուժերը սկսել էին ներխուժել Ուկրաինայի ջրային տարածքներ: Թուրքիայի բարձր ղեկավարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում ծավալվող զարգացումները արդեն պատերազմի են վերածվել, և իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

1936 թվականին ընդունված կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն, Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր:

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընի կարծիքով, Մոսկվայի ու Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան փորձում է հավասարակշիռ քաղաքականություն վարել. - «Թուրքիան կարող է քննադատել Ռուսաստանին, նաև աջակցել ուկրաինական կառավարությանը և զինված ուժերին ու շարունակել դրոններ վաճառել՝ չնայած ռուսական կողմի դժգոհությանը: Թուրքիան կարող է տարբեր աստիճանի աջակցություն ցույց տալ կողմերից մեկին կամ չաջակցել՝ ընտրելով այլընտրանքային ճանապարհ: Կարծում եմ Թուրքիան փորձում է մանևրել կողմերի միջև»:

Փորձագետների գնահատմամբ, Մոնտրոյի կոնվենցիայի իրագործումը Անակարայի կողմից ավելի շատ խորհրդանշական քայլ է, քանի որ Ռուսաստանը շատ ռազմանավեր է ուղարկել Սև ծով մինչև ներխուժումը Ուկրաինա:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չհետևեց եվրոպական երկրներին և չփակեց իր օդային տարածքը Ռուսաստանի համար: Մյուս կողմից ուկրաինական զինուժը ռուսական կողմի դեմ թուրքական դրոններ է կիրառում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է, մի շարք ուղղություններով ռուսական բանակի առաջխաղացում է նկատվում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են