Հռոմի պապը նորից կոչ է անում աղոթել Ուկրաինայում խաղաղության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ընդունել է այցելուներին, Վատիկան, 23 փետրվարի, 2022թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է Ուկրաինայում պատերազմի վտանգի մասին և հիշեցրել, որ քաղաքական այրերը պարտավոր են Ուկրաինայի հարցում իրենց խիղճը լրջորեն քննել Աստծո առաջ: Այդ մասին աշխարհի կաթոլիկների առաջնորդը խոսել է Վատիկանում, որտեղ իր նստավայրում ընդունել է այցելուներին:

«Ուկրաինայում իրավիճակի վատթարացումը մեծ ցավով է արձագանքում իմ սրտում: Չնայած դիվանագիտական ջանքերին՝ իրադարձությունները շատ մտահոգիչ սցենարով են զարգանում: Ինչպես ես, աշխարհում էլ շատ մարդիկ անհանգստացած են և վախեցած:

Մեզ բոլորիս պատկանող խաղաղությունը հերթական անգամ վտանգվում է սոսկ քաղաքական շահերի բերումով: Կոչ եմ անում պետական գործիչներին լրջորեն քննել իրենց խիղճն Աստծո առաջ, քանզի նա խաղաղության, այլ ոչ թե պատերազմի Աստված է, և Նա մեզ պատգամել է ապրել որպես եղբայրներ, այլ ոչ թե թշնամիներ»,- այսօր Վատիկանում ասել է Հռոմի կաթոլիկ քահանայապետը:

Հռոմի պապը բոլորին՝ աշխարհի հավատացյալներին և աթեիստներին հորդորել է աղոթել Ուկրաինայում խաղաղության համար: Առաջին անգամ Ֆրանցիսկոս պապն այդ կոչով հանդես է եկել հունվարի 26-ին: