Արևմուտքից հնչող հայտարարությունները Ուկրաինայում միայն խուճապ են հարուցում․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Արևմտյան մի շարք երկրներից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, այդ երկրում խուճապի և տնտեսական իրադրության վատթարացման են հանգեցնում», - Թուրքիայի պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Արևմուտքում պետք է ամեն կերպ խուսափեն նման հայտարարություններից՝ նախևառաջ ելնելով Ուկրաինային չվնասելու նկատառումներից։ «Նման հայտարությունները խաթարում են Ուկրաինայի տնտեսական կացությունը և թուլացնում են այդ երկրի ազգային տարադրամը», - հայտարարել է Չավուշօղլուն։

Նախարարը նաև նշել է․ - «Կա՞ արդյոք լարվածություն՝ կա։ Առկա՞ է արդյոք հակամարտության հնարավորություն՝ առկա է։ Բայց կարիք չկա այդ ամենի մասին խոսել «բարձրախոսային դիվանագիտության» միջոցով, ինչպես վարվում են որոշ արևմտյան երկրներ»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Անկարան շարունակում է օգտագործել իր լավ հարաբերությունները Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ երկկողմ լարվածությունը թուլացնելու նպատակով։