ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։

Կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։

«Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է էր պլանավորած ծրագրերով», - տեղեկացրեց Ամատունին:

Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես էեն սահմանափակվում գրասենյակի աշխատանքն Արցախում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարմիր խաչը կմնա՞ Արցախում, թե՝ ոչ. առայժմ պաշտոնապես չի հստակեցվում

Որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ օրերս։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։

«Տեսնելով մարդկանց կարիքները, հատկապես այս վերջին շրջանում ավելացած կարիքները կարևորում ենք մարդասիրական աշխատանքի դերը, և այդ աշխատանքի մեջ մեր ներկայությունը էլ ավելի արդիական է։ Եվ, բնականաբար, ցանկացած խոչընդոտ, որ կարող է ստեղծվել, միայն ցավալի է։ Այս պահի դրությամբ այն, ինչ քննարկվում է քաղաքական դաշտում, մենք որպես մարդասիրական կազմակերպություն, զերծ ենք մնում մեկնաբանել», - ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարը՝ շեշտելով՝ կոմիտեն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի առաքելությունը կշարունակի մարդասիրական աշխատանքը հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար, ինչպես վերջին 30 տարիներին։

«Մարդասիրական գործունեությունը, առհասարակ, հակամարտության իրավիճակում ղեկավարվում է միջազգային մարդասիրական իրավունքով և այստեղ հարկ է նշել, որ սա ոչ միայն բարի կամքի դրսևորումն է կողմերի՝ միջազգային մեր նման կազմակերպության աշխատանքի առումով, այլև՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ է, որպեսզի հակամարտող կողմերը անեն ամեն հնարավորը, որ հնարավորություն լինի մարդկանց տրամադրել մարդասիրական աջակցություն», - նշեց Զառա Ամատունին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպում՝ Մակրոնի և Միշելի միջնորդությամբ

Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական Խորհրդի նախագահի հետ երեկ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի վարչապետը մի շարք հարցերի թվում անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ ելումուտի խնդրին: Այս մասին հաղորդում են կառավարությունից՝ առանց այլ մանրամասների։ Թե անդրադարձ եղել է կոնկրետ Կարմիր խաչի գործունեության սահմանափակումներին, կառավարությունից չեն հաղորդում։

Պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չեն այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Կարմիր խաչը Արցախում է շուրջ 30 տարի։ Միջազգային կազմակերպությունն աջակցում է հակամարտությունից տուժած ու տուժող բնակիչներին՝ սնունդով, անհրաժեշտ այլ պարագաներով, մասնակցում է զոհված զինծառայողների դիերի որոնման ու դուրսբերման աշխատանքներին, բնակչության սոցիալական վիճակը կայունացնող տարբեր ծրագրեր է իրականացնում։ Բազմաթիվ քաղաքացիներ կոմիտեի աջակցությամբ 0-ից սեփական գործն են սկսել կամ էլ եղած հնարավորություններն ընդլայնել։

«Շատ կարևոր է, որ Կարմիր խաչը շարունակի գործել Արցախում». Արցախի բնակիչ

«2022 թվականի Նոր տարուն մեր սեղանին մեր սեփական բանջարեղենն է եղել՝ թե՛ կանաչին, թե՛ մյուսը, թե՛ մյուսը: Էլ արդեն խանութների կամ շուկաների հետ կապ չունենք, արդեն հնարավոր ա նույնիսկ մի մասը վաճառքի հանել», - ասաց Արցախի Աշան գյուղի բնակիչ Գրենիկ Գրիգորյանը:

Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Գրենիկ Գրիգորյանի ընտանիքն այս ձմռանը սեփական ջերմոցի բանջարեղենից է օգտվում, խանութից գնելու անհրաժեշտություն հազվադեպ է առաջանում։ Նոր ջերմոց ունեն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է կառուցել ու դասընթացներ սկսել գյուղացիների համար։ Հիմա գյուղում 24 ընտանիք նոր ջերմոց ունի, շատերը սկսել են բանջարեղեն աճեցնել, սեփական բերքից նաև հարազտաներին են կարողանում բաժին հանել, ասում է 58-ամյա գյուղատնտեսը։ Ջերմոցներ բազմաթիվ համայնքներում են ստացել։

«Հարևաններին, բարեկամներին, ցանկացողներին տրամադրում ենք, հյուրասիրում ենք: Ցանկացողները գալիս են, նայում, թե ոնց ենք մշակում», - ասաց Գրիգորյանը:

Մարտունու շրջանի սահմանամերձ Սոս գյուղի բնակիչ Սուսաննա Հարությունյանն էլ սպիտակեղենի արտադրություն է սկսել։ Կարմիր խաչի օգնությամբ կարի մեքենա է գնել ու սկսել գործը, հիմա արտադրանքը պահանջված է ոչ միայն Սոսում, այլև հարևան համայնքներում ու Ստեփանակերտում։

«Կարմիր խաչն առաջարկեց մինի բիզնես ծրագիր, ես հայտ ներկայացրեցի, խնդրեցինք կարի մեքենա, կտորներ՝ սպիտակեղենի և սրբիչ կարելու համար: Իրանք ինձ ընդառաջեցին, հայտը բավարարեցին, հիմա ես գնել եմ կարի մեքենա ու կտորներ և զբաղվում եմ: Ասեմ, որ հաջողությամբ զբաղվում եմ այդ գործով, կարողանում եմ վաճառել: Չէի ասի, որ մեծ եկամուտներ ունեմ, բայց օրվա հացի փող աշխատում եմ», - ներկայացրեց Հարությունյանը:

Հիմա տիկին Սուսաննան գործն ընդլայնելու մասին է մտածում, երկրորդ կարի մեքենան է գնել։ Զարմացած ու զայրացած է՝ ինչով է մարդասիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը խանգարում Բաքվին, որ խոչընդոտներ են ստեղծում։ Ասում է՝ արցախցիների համար Կարմիր խաչը անհրաժեշտություն է՝ օդ ու ջրի պես, հատկապես հետպատերազմական շրջանում։ Սոսում իր համագյուղացիներն էլ են 0-ից սեփական գործը սկսել ու հաջողել։

«Շատ կարևոր է, որ Կարմիր խաչը շարունակի գործել Արցախում, շատ մեծ օգնություն է ցուցաբերում տուժածներին, իհարկե, շատ վատ է, որ Ադրբեջանը ցանկանում է խանգարել», - նշեց նա:

Կարմիր խաչի արցախյան գործունեության շուրջ անորոշությունն արդեն 4 օրն է՝ պահպանվում է։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ է լռում։ Կազմակերպությունն, ի դեպ, գործում է աշխարհի բազմաթիվ չճանաչված պետություններում։