Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդության մասին խոսք լինել չի կարող․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Ռեջեփ Էրդողանի առաջարկին։

«Որպես միջնորդ, կամ ուղղակի այս հարցի շուրջ կողմերի հետ բանակցելով՝ մենք ուզում ենք մեր մասնակցությունն ունենալ այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում

Մարիա Զախարովան ի պատասխան պնդել է, թե Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Ռուսաստանը այդ հակամարտության կողմ չէ։

«Մենք թույլ չենք տա Ռուսաստանը որպես այդ հակամարտության կողմ ներկայացնելու փորձեր, ուստի այստեղ չի կարելի խոսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Թուրքիայի միջնորդության մասին։ Այնուամենայնիվ, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին։ Անկարան կարող է Կիևին հետ պահել Դոնբասի դեմ ագրեսիվ գործողությունների պլանից», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենի խոսքով` Ուկրաինայում ռուսական նոր ագրեսիան կարող է ծանր հետևանքների հանգեցնել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Հուսով եմ, որ Զելենսկու վարչակազմը չի կրկնի Սաակաշվիլիի 2008 թվականի սխալը»