«Նախարարները խոսում են, թե չեն խոսում՝ ի՞նչ է փոխվում. սահմանին կան զոհեր, գերիներ». Սամվել Բաբայան

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև զանգելով խոսելու պայմանավորվածությունը եղել է և լինելու է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով՝ նախարարները խոսում են, թե չեն խոսում՝ ի՞նչ է փոխվում։

Օրերս ասուլիսի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին։
Փաշինյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանին հանձնարարել է, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ և առաջարկի, որ նույնն անի նաև Զաքիր Հասանովը։ «Որպեսզի մենք տեսնենք, թե ով, ինչպես է արձագանքում, և սրանից ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ։ Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 24 զինծառայողները, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են․ Փաշինյան

«Միշտ էլ փորձելու են այդ զանգերը տան, բայց կարան ասեն՝ «մի երկու ժամ պետք է, որ զբաղվեն, իմանան, թե ինչքանով է ճիշտ, ով է հարձակվել, ով է մեղավոր, ով չի մեղավոր», բայց արդեն դեպքը կատարվել է, մարդիկ զոհվել են, ունենք վիրավորներ և այլն, ոնց որ ամսի 16-ի դեպքը, հասկանում եք, կանգնեցնելով ոչինչ չեն լուծում, ինքը մտել է մեր տարածքը, երկրորդը՝ ունենք զոհեր, վիրավորներ և անհայտ կորածներ,կամ գերության մեջ մարդիկ, հիմա նախարարները խոսում են, թե չեն խոսում ի՞նչ է փոխվում», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում ասաց Բաբայանը։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։ Նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով գերեվարվել են: «Ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ Բախումներից 10 օր անց Բաքուն հայկական կողմին փոխանցեց երկու քաղաքացու։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին։

«Նախ պետք է որոշել, թե ինչ քարտեզով են դեմարկացիա և դելիմիտացիա անելու»

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետք է «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստեղծված ուղիղ կապի մասին արդեն հայտարարվել է, և հարցին, թե ուրիշ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել, Բաբայանը պատասխանեց․ - «Առաջին հերթին ես գտնում եմ, որ պետք է որոշեն, թե ինչ քարտեզով են դեմարկացիա և դելիմիտացիա անելու, դրանցի հետո պարզ է լինելու երկու կողմերի համար և պետք չի լինելու ինչ-որ հարձակումներ կազմակերպել, ինչ-որ բլուրներ գրավել, ինչ-որ բարձունքներում նստել։ Որոշումից հետո պետք է անցնել պրակտիկ գործի։ Սա է կարևոր խնդիրը»։

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց սկսել զրոյական կետից։ Թե ինչ է դա ենթադրում, մանրամասներ չի հաղորդվում։ Նաև պարզ չէ, թե որ քարտեզներով է գործընթացը տեղի ունենալու, եթե սկսվի։ Ըստ հայաստանցի պաշտոնյաների, գործընթացի իրավական հիմքը կարող են լինել 20-ականների քարտեզները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև