Բաքուն հայտարարում է, որ ադրբեջանական բանակը տեղակայված է իրեն պատկանող տարածքներում

Ադրբեջանի ԱԳՆ շենքը, Բաքու

Բաքուն հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ հայկական կողմի հայտարարությունները և պնդում, որ բանակը տեղակայված է Ադրբեջանին պատկանող տարածքներում։

«Ադրբեջանցի զինվորականները ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը ներխուժել է Հայաստանի տարածք` արևելյան տեղամասերից մեկում։

Աբդուլաևան միաժամանակ պնդել է, թե «իրավիճակի այս սրացման պատասխանատուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»։

Հայաստանի ղեկավարը չէր հստակեցրել, սակայն, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է եղել առաջխաղացումը։ Միայն նշել է, որ այդ հարցը Անվտանգության խորհրդում քննարկվում է դեռ երեկվանից։

Այսօր ավելի ուշ Հայաստանի ԱԽ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ երեկ ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ, ըստ ԱԽ-ի, բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում. ԱԽ