Առավոտյան ադրբեջանական կողմը կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան․ ԼՂ ՊՆ

Հայ զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, կա 6 վիրավոր. Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը գիշերն էլ հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:

Կեսգիշերից քիչ անց հաղորդվեց, որ իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով կայունացել է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առավոտյան իրավիճակը դիրքերում հանգիստ է. Արցախի օմբուդսմեն