ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի, ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փոփոխություններ է ընդունել, որոնք վերաբերում են «Հյուսիսային հոսք-2» գազատարի, Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ նոր պատժամիջոցներին, նաև առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել 35 ռուսաստանցիների դեմ մարդու իրավունքների խախտումների համար:

Փոփոխությունները ներառվել են Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեի մասին օրինագծում, որը կազմում է շուրջ 780 միլիարդ դոլար:

Ֆիզիկական անձանց ցուցակը, ում դեմ առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել, կազմել են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհները: Ցուցակում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Պատժամիջոցների ցուցակում են նաև գործարար Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, դաշնային «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը։ Ցուցակում հայտնված անձանց արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ, ձերբակալվում են նաև նրանց ակտիվներն ամերիկյան բանկերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կիևը շարունակելու է ճնշում գործադրել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով»․ Ուկրաինայի արտգործնախարար

Նախագծին կողմ է քվեարկել 316 կոնգրեսական, դեմ՝ 113-ը։ Այժմ պաշտպանական բյուջեի նախագիծը պետք է քննարկի Սենատը, որից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սեպտեմբերի 22-ին պատժամիջոցների մասին օրինագծին հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը նույնպես հայտնվել է սանկցիոն ցուցակում, այսօր հայտարարել է, որ նախ մինչև օրենք դառնալը այդ փոփոխությունները որոշ գործընթացներ պետք է անցնեն, հետո էլ հավելել, թե սրանք կարող են սպանել երկու երկրների միջև հարաբերություոնների կարգավորման այն համեստ հույսերը, որոնք ի հայտ են եկել Պուտինի և Բայդենի ամառային հանդիպումից հետո։

Ռուսաստանի դաշնային խորհրդում էլ հայտարարել են, թե ամերիկյան պատժամիջոցներն այն գինն է, որ Ռուսաստանը վճարում է ինքնիշխանության համար։

Տնտեսագետ. Պատժամիջոցներմ էական ազդեցություն երկրի տնտեսության վրա չեն ունեցել և չեն ունենա

Վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ պատժամիջոցները, մասնավորապես, այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ շուկան կարողանում է դրանք շրջանցել։ Տնտեսագետ Սերգեյ Խեստոնովի կարծիքով՝ Ռուսաստանի պետական պարտքի դեմ պատժամիջոցները որևէ էական ազդեցություն երկրի տնտեսության վրա չեն ունեցել և չեն ունենա։

«Շուկան ցույց է տվել, որ պետական պարտքի դեմ պատժամիջոցները ընկերությունները կարողանում են հանգիստ շրջացնել, շուկայի մասնակիցները, - հավելում է տնտեսագետը, - պարզապես գնում են ռուսական մասնավոր ընկերությունների արժեթղթերը, այն ընկերությունների, որ ավելի վաղ գնել են ռուսական պարտատոմսերը»։

Reuters-ին տված հարցազրույցում Նավալնիի թիմակից Լեոնիդ Վոլկովն ասել էր, որ միայն անձնական պատժամիջոցները Վլադիմիր Պուտինի շրջապատի դեմ կարող են ստիպել Կրեմլին մտածել Նավալնիին ազատ արձակելու մասին: Նավալնիի թիմակիցները համարում են, որ հենց անձնական պատժամիջոցները Պուտինի մտերիմների դեմ կարող են ազդել Ռուսաստանի իշխանությունների վրա: Նավալնին, հիիշեցենք, հունվարին դատապարտվել է երեքուկես տարի իրական ազատազրկման։ Նրա բոլոր կառույցներն ու շտաբերը Ռուսաստանում ճանաչվել են անօրինական։ Նավալնիի ամենամտերիմ թիմակիցները ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից։

Կրեմլի կոշտ ընդդիմախոս Նավալնիի թիմակիցներն այս պահին հրաժարվել են փողոցային պայքարից` հայտարարելով, որ Ռուսաստանի իշխանությունների դեմ պայքարն այս փուլում տեղափոխում են արևմտյան երկրներ։