Մատչելիության հղումներ

Բնական գազը չպետք է «աշխարհքաղաքական գործիք» լինի, շեշտում է Մերկելը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համատեղ ասուլիսը Բեռլինում, հունիս, 2019թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համատեղ ասուլիսը Բեռլինում, հունիս, 2019թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Կիևում հայտարարել է, որ բնական գազը երբեք չպետք է կիրառվի որպես աշխարհքաղաքական գործիք, և իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության երկարաձգմանը 2024 թվականից հետո, երբ սպառվում է գործարքի ժամկետը:

Համատեղ ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գազի տարանցման պայմանագիրը երկարաձգելու հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների ճակատագիրն անորոշ է: Նա ասել է, թե կցանկանար հասկանալ՝ ինչ է ստանալու Ուկրաինան 2024-ից հետո:

Որպես կանցլեր 16-ամյա պաշտոնավարման ավարտին «հրաժեշտի շրջագայություն» կատարող Մերկելն Ուկրաինա է այցելում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից երկու օր անց:

Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել էր, թե «շարունակելու է աշխատել Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար» մինչև սեպտեմբերին Գերմանիայում անցկացվելիք ընտրություններից հետո պաշտոնին հրաժեշտ տալը:

Այդուհանդերձ, լրատվական գործակալությունները նշում են, որ պաշտոնական Բեռլինը քննադատվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը սատարելու համար, որը, ինչպես զգուշացրել են Միացյալ Նահանգները և այլ պետություններ, կմեծացնի կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից և կարող է զրկել Ուկրաինային դրանց տարանցման վճարներից:

Պաշտոնական Բեռլինը բարձրացրել է Ուկրաինայի համար փոխհատուցման հնարավոր մեխանիզմ ստեղծելու հարցը:

XS
SM
MD
LG