Ալիևը Հայաստանին կոչ է անում «մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը Հայաստանին կոչ է արել «մտածել խաղաղության մասին և շրջել պատերազմի էջը»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում Իլհամ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Դրանք պահանջում են հայկական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում մեր տարածքներից և վերջ տալ պատերազմին: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին և շրջել [պատերազմի] էջը: Մենք պատրաստ ենք դրան», - ասել է նա՝ հավելելով. - «Բարի կամք և շատ պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով՝ համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր է լուծել դեռ քննարկվող հարցերի մեծ մասը և հիմք դնել տարածաշրջանային լայն համագործակցության»:

«Այս տեսանկյունից՝ Եվրամիությունը շատ կարևոր դեր է խաղում և, համոզված եմ, կխաղա», - հայտարարել է Ալիևը: