ՀՔԾ-ն ձերբակալել է «Իզմիրլյան»-ի տնօրենին, Մայր Աթոռը հորդորում է ազատ արձակել Չարչյանին

Ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

ՀՔԾ-ն հայտնում է, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածուն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

«Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը», - ասված է հաղորդագրությունում:

Մայր Աթոռն էլ հաղորդագրություն է տարածել՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել Չարչյանին:

«Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից», - ասված է հաղորդագրությունում:

Հշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՀՔԾ-ն Չարչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։

«Անկախ դիտորդ» դաշինքն այսօր հրապարակել էր ձայնագրություն, որտեղ լսվում է ենթադրաբար Չարչյանի ձայնը, որը բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Ավելին՝ լսվում է նաև, թե ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի, հայտարարում է նա․ - «Սա իմ մանդատն ա որպես պատգամավորի թեկնածու, ուրեմն էսօր ինձ պատգամավորի ստատուս ա տալիս՝ անձեռնմխելիությունից ելնելով, վերջացրած ինֆորմացիա տիրապետելով։ Ես ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ ով ա գնացել քվեարկության և ով չի գնացել»։