ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված վեց հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են վերջերս ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին ու առողջությանը: «Ազատությանը» հայտնեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նաև տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների օգնությամբ գերեվարված զինծառայողները հնարավորություն են ունեցել կապ հաստատել իրենց հարազատների հետ:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին:

Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հանգուցալուծման ուղղությամբ մոսկովյան բանակցություններ են եղել, սակայն դրանց արդյունքների մասին կառավարությունը լռում է: