Հայտնի են Իրանի նախագահության թեկնածուները

Իրանի նախագահության թեկնածու, արդարադատոության համակարգի ղեկավար Էբրահիմ Ռայիսը, Թեհրան, 15 մայիսի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրական կարգի պահպանման առանցքային կառույցը՝ Պահապանների խորհուրդը հաստատել է հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների 7 թեկնածուներին:

Այդ խորհուրդն է քննում բոլոր հայտերը և որոշում, թե որքանով են թեկնածուների կրոնական և քաղաքական հայացքները համապատասխանում հանրապետության արժեհամակարգին:

Պահապանների խորհուրդը մերժել է մեծ թվով հայտեր, որոնք ներկայացրել են գործող նախագահ Հասան Ռոհանիի հետ առնչություն ունեցող թեկնածուներ (Ռոհանին չի մասնակցում ընտրություններին, քանի որ չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու իրավունք):

Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Պահապանների խորհրդի կողմից հաստատված թեկնածուների ցուցակը:

Հունիսի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Էբրահիմ Ռայիսը, Մոհսեն Ռեզային, Սաեդ Ջալիլը, Ամիրհոսեյն Ղազիզադեհ-Հաշեմին, Աբդոլնասեր Հեմմաթը, Մոհսեն Մեհրալիզադեհը և Ալիրեզա Զաքանին:

Պահապանների խորհուրդը մերժել է մի շարք անվանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, հեղինակավոր պահպանողական Ալի Լարիջանիի, գործող փոխնախագահ Էշագ Ջահանգիրի, ինչպես նաև Արևմուտքի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ հայտնի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դիմումները:

Իրանի Պահապանների խորհուրդը չի պարզաբանել, թե ինչու է հաստատել կամ մերժել այս կամ այն հայտը:

Վերլուծաբանների համոզմամբ, այս ցուցակում առավել ամուր դիրքեր ունի կարծր դիրքորոշմամբ հայտնի կրոնական առաջնորդ, իսլամական հանրապետության արդարադատության համակարգի ղեկավար Էբրահիմ Ռայիսը:

Արևմտյան աղբյուրները չեն բացառում, որ երկրի կրոնական վերնախավը հենց 60-ամյա Ռայիսին է համարում գերագույն հոգևոր առաջնորդ, 82-ամյա այաթոլահ Ալի Խամենեիին ապագայում փոխարինելու հավանական թեկնածու:

Իրանի Պահապանների խորհուրդը վերխորհարդարանական ատյան է, որն ունի 12 անդամ: Նրանցից 6-ին նշանակում է հանրապետության փաստացի ղեկավար գերագույն հոգևոր առաջնորդը, ևս 6-ին ընտրում է խոհրդարանը՝ Մեջլիսը:

Պահապանների խորհրուրդը գործնականում կատարում է սահմանադրական դատարանի լիազորությունները, մասնավորապես, հաստատում է առանցքային պաշտոնյաներին, քննարկում է օրինագծերը և հարկ եղած դեպքում դրանք հետ է ուղարկում Մեջլիս:

Բացի այդ, Պահապանների խորհուրդը կարող է վետոյի ենթարկել խոհրդարանի ցանկացած որոշում և առաջարկել սահմանադրության լրամշակումներ: