Ռուսաստանը մտադիր է ԱՄՆ-ը ներառել «ոչ բարեկամական երկրների» ցանկում

Ռուսաստանը մտադիր է Միացյալ Նահանգները ներառել «ոչ բարեկամական երկրների» ցանկում։ Ցանկը կազմում է ռուսաստանյան կառավարությունը՝ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։

Զախարովան, սակայն, չի հայտնել, թե բացի ԱՄՆ-ից, որ երկրները ևս կհռչակվեն ոչ-բարեկամական։

Պաշտոնական Մոսկվայի այս քայլերը ընդունվում են արևմտյան մի շարք երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին ի պատասխան։

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Չեխիան, Ուկրաինան արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։ Մի շարք մայրաքաղաքներում պնդում են, որ վտարված ռուս պաշտոնյաները ոչ թե դիվանագետներ, այլ լրտես կամ հետախույզ են։