ԵՄ արտգործնախարարները հաջորդ երկուշաբթի օրը կքննարկեն Դոնբասի հարցը

ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն, Բրյուսել, արխիվ

Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաջորդ երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, տեսակապով կքննարկեն Ուկրաինայի արևելյան շրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության մամլո խոսնակ Պետեր Ստանոն:

«Ուկրաինան կլինի ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական տեսակոնֆերանսի օրակարգում, մենք շատ ուշադիր ենք հետևում և խիստ մտահոգված ենք այնտեղ իրավիճակի սրման կապակցությամբ: Մենք հուսով ենք, որ հետագա էսկալացիա չի լինի, դա անընունելի է, հարկ է գործադրել դիվանագիտական բոլոր ջանքերը նոր սրացում թույլ չտալու համար»,- ասել է Ստանոն:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, կացությունը Դոնբասում սրվել է փետրվարի վերջին, երբ գրեթե ամեն օր սկսել են տեղի ունենալ հրադադարի ռեժիմի խախտումներ, այդ թվում` ականանետերի և նռնականետերի կիրռմամբ:

Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը խախտելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ին Դոնբասի խնդիրը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Մոսկվան պնդում է, թե Կիևն է միտումնավոր սրում իրավիճակը երկրի արևելյան շրջանում: