Պետդեպի նախկին պաշտոնյան Բայդենին կոչ է արել ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պետդեպարտամենտի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին խորհրդատու Նոքս Թեմզը, արխիվ

Պետդեպարտամենտի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին խորհրդատու Նոքս Թեմզը Newsweek-ում հրապարակած հոդվածում գրել է․ - «Եկել է ժամանակը, որ 1915-23 թվականներին հայերի սիստեմատիկ սպանությունները Միացյալ Նահանգները ճանաչի որպես ցեղասպանություն։ Զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը հարմար պահ է, որպեսզի նախագահ Ջո Բայդենը պատմական քայլ կատարի»։

Թեմզը նշել է, որ Օսմանյան կայսրությունը 1915 թվականի ապրիլի 24-ին սկսել է հայերի զանգվածային կոտորածները, կոտորվել են նաև ասորիներ ու հույներ․ - «Պատմաբանների գնահատմամբ՝ մեկուկես միլիոն հայ է սպանվել։ Եվ դա գաղտնիք չէր։ Միայն 1915 թվականին մեկ տարվա ընթացում The New York Times-ը 145 հոդված է հրապարակել այդ մասին։ Դա գիտեր և ԱՄՆ-ի կառավարությունը; Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արձանագրել է դաժան բռնաճնշումները, որոնց ականատեսն էր դարձել։ Դեսպանը իր հուշերում թուրքական իշխանությունների պլանների մասին գրել է, որ դա մի ամբողջ ռասայի մահվան դատապարտել էր, դա նրանք լավ էին հասկանում և իր հետ զրույցներում առանձնապես չէին էլ փորձում թաքցնել»։

«Հայերի ցեղասպանության պնդումները հաստատվում են նաև միջազգային նորմերով։ Ցեղասպանությունը կանխելու և պատժելու ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն տերմինը որոշակիացված է որպես ցանկացած գործողություն, որը կատարվել է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբն ամբողջովին կամ մասամբ դիտավորյալ ոչնչացնելու մտադրությամբ, սպանությունների, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ այլ մեթոդներով, ու մեկուկես միլիոն հայերի սպանությունները համապատասխանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի սահմանմանը։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Թեկնածու Բայդենը ճանաչել է այն, և ես հույս ունեմ՝ նախագահ Բայդենը նույնը կասի ապրիլի 24-ին», - ընդգծել է Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան։

Բրիտանական YօungTurks երաժշտական ձայնագրությունների ընկերությունը փոխել է իր անվանումը՝ հասկանալով, որ այն ասոցիացվում է հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի հետ, և այժմ ընկերությունը կկոչվի միայն Young` «Երիտասարդներ»՝ առանց թուրք բառի։ YungTurks ապրանքանիշի հիմնադիր Քիզ Փոուսոնը The Guardian-ին ասել է, որ այն հիմնադրել են, երբ դեռ անչափահաս էին ու դեռ չգիտեին, թե պատմության համար ինչ է նշանակում երիտթուրքեր։ Անվանափոխությունից բացի, ընկերությունը ֆինանսական օգնություն է տրամադրել հայկական հարցերով ինստիտուտին։