Վարչական ռեսուրսի կիրառման մասին իշխանության և ընդդիմության կարծիքները չեն համընկնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում այսօրվա հանրահավաքի մասին հայտարարությունից հետո համացանցը լցվեց կոչերով ու իրազեկումներով։

Իշխանական թևին սատարողները, այդ թվում նաև պաշտոնատար անձինք, հորդորում էին քաղաքացիներին մասնակցել հանրահավաքին։ Սա վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ է, թե՞ պարզապես իրազեկում։

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն ասում է․ - «Վարչական ռեսուրսի կիրառումն այն է, երբ պաշտոնատար անձը օգտագործելով իր դիրքը ստիպում է աշխատակիցներին գնալ հանրահավաքի։ Այդպիսի բան չկա»։

Ընդդիմադիր թևի ներկայացուցիչները այդ կարծիքին չեն։ Նրանք պնդում են, որ վարչական ռեսուրսի չարաշահումն ակնհայտ է։

«Մարդիկ, ովքեր ընդդիմության մեջ էին երկար տարիներ և այդ վարչական ռեսուրսը դատապարտում էին, իրենք իրենց բոլոր ունեցած հնարավորություններով վարչական ռեսուրս են կիրառում։ Հետն էլ գիտե՞ք ինչի համար են կիրառում․․․ ցույցի բերելու համար», - ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջին երկու օրերին, անգամ առանց երկար-բարակ որոնումների, համացանցի հրապարակումներում բազմաթիվ նման կոչերի ու իրազեկումների կարելի է հանդիպել։

«Անհեթեթություն է», - այսպես արձագանքեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը տարածված այն լուրերին ի պատասխան, որ ինքը խիստ հրահանգ է իջեցրել մարզպետարանի աշխատակազմին և նրա ենթակայության տակ գտնվող բոլոր միավորներին մեկ մարդու պես մասնակցելու հանրահավաքին․ - «Ինչպես կարող են աշխատակիցները բացակայել աշխատանքից»։

Համացանցում նաև հեռախոսազրույցներ հրապարակվեցին, որտեղ անհայտ անձը, ներկայանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փորձում է ճշտել, թե, օրինակ, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը քանի անձ է ապահովելու։

«Հիմնականում մարդկանց ասել եմ մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսներով լցին բերին զոռով։ Զուտ էս բանի համար էդքան չեմ էլ խորացել էդ ավտոբուսների վրա․․․ Կոնկրետ թիվ չեմ կարա ասեմ։ Ընենց ա, որ բոլորին հավաքելու եմ հիմնականում հրապարակ։ Շատերը նենց գնալու են ուղղաի իրենց պասաժիրով՝ արդեն լիքը», - ասել էր Պետրոսյանը։

Արսեն Պետրոսյանը չհերքեց, որ նման զանգ եղել է, և «Ազատության» հետ զրույցում նկատեց, թե որևէ խնդիր իր ասածի մեջ չի տեսնում․ - «Եթե որևէ մեկն էլ փորձում ա աշխատավայրում էդ հարցով իմ հետ զրուցել, ես կտրուկ խոսակցությունը փակում եմ»։

«Ազատության» հարցին, թե արդյոք աշխատակիցներին թույլ չեն տալու աշխատանքի ժամին դուրս գալ և գնալ հանրահավաքի մասնակցել, փոխքաղաքապետն արձագանքեց․ - «Մենք ոչ մեկի ձեռքերը ոչ կապելու ենք, ոչ էլ ստիպելու ենք, որ մասնակցեն։ Եղել ա մի քանի դեպք, երբ մարդիկ փորձել են էդ թեմայով իմ հետ խոսել, ասել եմ ոչ, աշխատանքային ժամին աշխատավայրում ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։

Հեռախոսազանգերից մեկն էլ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավարի հետ է արվել։ «Մենք ամեն ինչ կապահովենքՁԱՅՆ----հատված հեռախոսազանգից՝ «չկա ոչ մի խնդիր, մենք ամեն ինչ կապահովենք, մոտ 50 մարդ մեր կողմից կլինի։ Մենք էսքան գյուղից կապահովենք, բայց ուսանողներ, Երևանում շինարարության վրա աշխատող մարդիկ կան, բոլորին կասենք, նորից էդտեղից կգան», - ասել է Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը։

«Ազատության» հեռախոսազանգերին նա այսօր չպատասխանեց։ Փոխարենը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հորդորում է բոլորին զերծ մնալ անհիմն հերյուրանքներին և մեղադրանքներին հավատալուց։

Համացանցում տեղ գտած կոչերի մեծ մասն էլ տարբեր մարզերում բնակիչներին հարմար ժամին ու հարմար վայրում հավաքվելու և ավտոերթով մայրաքաղաք շարժվելուն էին վերաբերում։ Այն, որ այդպիսիք կան, անհերքելի փաստ է, հարցն այստեղ այլ է․ արդյո՞ք դրանք պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման տարրեր։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պարզաբանում է, թե որ դեպքերում կարելի է համարել վարչական ռեսուրսի չարաշահում․ - «Իսկ ինչ է նշանակում վարչական ռեսուրսի կիրառում՝ պարտադրանք, հրաման ենթական կառույցների ղկավարներին, որ այսինչ ժամին այսքան մարդ այստեղ պետք ա լինի, և մենք ներկա-բացակա ենք անելու։ Երկրորդ, եթե լինի այնպես, որ կոչ են անում մասնակցել, և, ենթադրենք, ոչ մեկը չի գնում, այ դրանից հետո եթե տեղի ունենա հետապնդում, թե ինչու չեք ներկայացել, մասնակցել, այ դա նույնպես կլինի հետապնդում, մարդկանց ազատ կամքի դեմ ճնշում, որի նպատակն է մարդկանց պարտադրելու մասնակցել»։

Իրավապաշտպանը նկատում է՝ պատասխանատվություն է ենթադրում նաև աշխատանքը հանրահավաքի համար լքելու փաստը․ - «Մարզպետը աշխատանքի ժամին իհարկե իրավունք չունի աշխատանքից դուրս գալու և գնալու հավաքին մասնակցելու, դա միանշանակ։ Եթե, ասենք, մարզպետարանի աշխատակիցներից իրենք պահանջեն կամ հրահանգեն, որ բոլորը մի մարդու նման գնան․․․ դա կլինի վարչական ռեսուրսի կիրառում աշխաըատակազմի նկատմամբ և աշխաըտանքային պարտականույթւոնների չկատարման փաստ»։