Բայդեն - Թրամփ՝ առայժմ 253-214

ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Ջո Բայդեն

Առավել նախընտրելի են նախկին փոխնախագահի շանսերը:

ԱՄՆ նախագահի նոյեմբերի 3-ի ընտրություններից գրեթե երկու օր է անցել, սակայն հաղթողի անունը դեռ հայտնի չէ, պայքարն աննախադեպ լարված է:

Նախագահ ընտրվելու համար թեկնածու պետք է վաստակի 270 ընտրիչների քվե, սակայն բաղձալի նպատակին նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը դեռ չեն հասել:

Առավել նախընտրելի են նախկին փոխնախագահի շանսերը, վերլուծաբանների համոզմամբ՝ հենց 77-ամյա Բայդենը կհաղթի, սակայն դրա համար պետք է սպասել ևս մի քանի ժամ, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, մինչդեռ Թրամփի թիմը սպառնում է դատական գործերով:

Երևանի ժամանակով ժամը 11-ի դրությամբ Բայդենն Ընտրիչների կոլեգիայում ունի 253 քվե, իսկ Թրամփը՝ 214:

ԱՄՆ-ում քաղաքական հին ավանդույթի համաձայն մարդիկ ժողովրդական քվեարկությամբ ընտրում են այս կամ այն թեկնածուին, բայց գործնականում նրանց քվեարկությամբ ձևավորում է հատուկ կառույց՝ Ընտրիչների կոլեգիան, որն, իր հերթին, ի պաշտոնե ընտրում է նախագահին:

Կոլեգիան ունի 538 անդամ, ինչը հավասար է օրենսդիրների թվին: Կոնգրեսի երկու պալատներից Ներկայացուցիչների տան անդամների թիվը 435 է, սենատորների թիվը 100 է:

1961 թվականին կոլեգիային տրվել է ևս 3 տեղ՝ Կոլումբիայի առանձնատարածքի (դիսթրիքթի) համար, քանի որ այնտեղ է մայրաքաղաք Վաշինգտոնը, որը ոչ մի նահանգի չի պատկանում:

Հաղթանակի համար թեկնածուին պետք է 269+1 քվե: Հիմա Բայդենն է առջևում, և, ըստ վերլուծաբանների, նրա հաղթանակը գրեթե երաշխավորված է:

Մանրամասները տե՛ս այստեղ