Մատչելիության հղումներ

Մի քանի ժամից հայտնի կդառնա՝ ով է ղեկավարելու ԱՄՆ-ը առաջիկա չորս տարիներին


ԱՄՆ - Մայրաքաղաք Վաշինգտոնում մեծ էկրանին հրապարակվում են ընտրությունների արդյունքները ըստ նահանգների, 3-ը նոյեմբերի, 2020թ.
Ակնկալվում է, որ ընդամենը մի քանի ժամից պարզ կդառնա՝ ով է դառնալու աշխարհի ամենաառաջատար երկրի` Միացյալ Նահանգների նախագահն առաջիկա չորս տարիների ընթացքում։

Ընտրատեղամասերը փակվել են ժամեր առաջ, այս պահին արդեն հաշվարկված է ձայների մոտ 50 տոկոսից ավելին, սակայն արդյունքները մնում են խիստ անորոշ։ Պայքարը շատ թեժ է․ գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ու նրա մրցակից՝ դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը այս պահի դրությամբ գրեթե հավասար ձայներ ունեն և պարբերաբար միմյանցից առաջ են անցնում շատ չնչին՝ ընդամենը մի քանի ընտրիչների տարբերությամբ։

Ուշադրության կենտրոնում են հատկապես Ֆլորիդան, Ջորջիան, Փենսիլվանիան, Օհայոն և Հյուսիսային Կարոլինան, որտեղ կուսակցություններից որևէ մեկը հստակ առավելություն չունի մյուսի նկատմամբ, և քվեարկության ելքը կարող է վճռորոշ լինել վերջնական արդյունքների համար։

«Այս ընտրությամբ մենք պայքարում ենք հանուն Ամերիկայի ժողովրդի ոգու, հանուն ամերիկյան արժեքների ու սկզբունքների», - մինչև ընտրարշավի վերջին պահը հայտարարում էր դեմոկրատ Ջո Բայդենը, ընդգծելով. - «Վաղը մենք կարող ենք վերջ տալ մի նախագահության, որը պառակտում էր Ամերիկան և բորբոքում ատելությունը մեր երկրում։ Վաղը մենք կարող ենք վերջ տալ մի նախագահի կառավարմանը, որը ի վիճակի չէ պաշտպանել այս երկիրը»։

Ինքը՝ գործող նախագահ Թրամփը, մինչդեռ, ընտրարշավի ողջ ընթացքում մրցակցին «քնած Ջո» էր անվանում, պնդում էր, որ այս անգամ ավելի տպավորիչ արդյունք է արձանագրելու, քան չորս տարի առաջ, երբ հակառակ բոլոր կանխատեսումներին ու քաղաքական փորձի բացակայությանը՝ դարձավ ԱՄՆ նախագահ։ «Իսկ եթե այս անգամ պարտվեք, կընդունե՞ք պարտությունը», - հետաքրքրվել են լրագրողները քվեարկության ավարտից մի քանի ժամ անց։ «Ես այդ մասին չեմ էլ մտածում», - խոստովանել է Թրամփը։ - «Հաղթելը հեշտ է, գիտեք, պարտվելն է բարդ, դա ինձ համար չէ։ Երբ տեսնում ես այդ հանրահավաքները, որոնց նմանը չի եղել այս երկրի պատմության, միգուցե՝ աշխարհի պատմության մեջ, երբ տեսնում ես այն ահռելի միասնությունը, որ կա այս երկրում, դա մեծ պատիվ է։ Նրանք մարդիկ են, որոնք գնահատում են մեր կատարած աշխատանքը»։

Նրա մրցակից Բայդենը, որ քաղաքականության մեջ է շուրջ 50 տարի և արդեն երրորդ անգամն է մասնակցում նախագահական ընտրարշավին, առավել զուսպ է խոսել հնարավոր արդյունքների մասին։ «Ես սնահավատ եմ և ոչինչ չեմ կանխատեսում, մինչև ամեն ինչ պարզ չլինի։ Բայց ընտրություններին բարձր մասնակցությունը, այդ թվում՝ երիտասարդների, կանանց ու աֆրոամերիկացիների ակտիվությունը, հուշում է, որ լավ է լինելու»։

Հաղթանակի դեպքում, ի դեպ, 77-ամյա Ջո Բայդենը կդառնա ամենատարեց նախագահը Միացյալ Նահանգների պատմության մեջ։

Որպես կանոն, արդյունքները հրապարակվում են այս ժամերին, սակայն, այս անգամ հաշվարկն առավել բարդ է, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընտրողների մեծ մասը ընտրությունը կատարել է փոստով։

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփմանը առցանց կարող եք հետևել այստեղ
XS
SM
MD
LG