ԱՀԿ. կորոնավիրուսից զոհերի թիվը կարող է գերազանցել երկու միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացածների թիվն ընդհուպ մոտեցել է մեկ միլիոնի շեմին:

Այդ ցուցանիշով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ ինը ամսում հիվանդությունը ավելի քան 200 հազար մարդու կյանք է խլել, երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է`140 հազար զոհով, երրորդում` Հնդկաստանը, որտեղ մինչ օրս մոտ 90 հազար մահ է արձանագրվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ), իր հերթին, երեկ զգուշացրել է` չի բացառվում, որ այս թվերն առաջիկայում կտրուկ ավելանան, մահացածների թիվն էլ հասնի երկու միլիոնի, եթե կառավարությունները չանցնեն շտապ ու արդյունավետ քայլերի:

«Վարակի ցուցանիշները կրկին աճում են, ավելանում է նաև հոսպիտալացվածների, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունք տեղափոխվողների թիվը: Եվ սա սեպտեմբերի վերջին, երբ դեռ գրիպի սեզոնն էլ չի սկսվել», - փաստել է կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը:

Վերջին շաբաթներին մտահոգիչ է իրավիճակը հատկապես Եվրոպայում. Իսպանիայի իշխանությունները ընդարձակել են Մադրիդում հայտարարված կարանտինը, այսուհետ մայրաքաղաքի մոտ մեկ միլիոն բնակիչների խորհուրդ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Մարսելում, փակել են բարերն ու ռեստորանները, Մոսկվայի իշխանությունները տարեցներին խորհուրդ են տվել տնից դուրս չգալ: