Դավութօղլուի կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի նախագահի 2023-ի ընտրություններին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր հիմնադրած «Ապագա» կուսակցությունը սեփական թեկնածուին կառաջադրի 2023 թվականի նախագահական ընտրություններում: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն՝ չբացառելով իր մասնակցությունը:

Դավութօղլուն ընդգծել է, որ ընտրություններին միայնակ են գնալու և դաշինք չեն կազմելու այլ ուժերի հետ: Նա նշել է, որ Թուրքիան համակարգային ճգնաժամի մեջ է և նոր մոտեցման ու փոփոխությունների կարիք կա: Համակիրների հետ միասին առաջնորդվելու են ընդգրկուն ժողովրդավարության սկզբունքով:

«Մեր առաքելությունն է լինել ժողովրդի ձայնը», - ասել է Դավութօղլուն:

Անցած տարվա սեպտեմբերին իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության շարքերը լքած Ահմեդ Դավութօղլուն ամիսներ անց հայտարարեց իր կուսակցության հիմնադրման մասին: