Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով, բուժվածներինը՝ 402-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Բուժաշխատողներ, շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 44 հազար 461-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 402-ով և հասել 39 հազար 257-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 363 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 213 հազար 644-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 891-ի, ևս 272 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 41 մարդ: