Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 31-ով, բուժվածներինը՝ 72-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք

Բուժաշխատողներ, շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 31-ով՝ հասնելով 43 հազար 781-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 37 հազար 722-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 490 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 205 հազար 940-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 879-ի, ևս 268 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 912 մարդ: