Մատչելիության հղումներ

«Ընդգծել են իրենց արտոնյալ լինելը». Կարապետյանցը՝ որոշ պաշտոնյաներին դիմակ կրելու պարտադրանքից ազատելու որոշման մասին


Իրավապաշտպան Նինա Կարապետյանց, արխիվ
Իրավապաշտպան Նինա Կարապետյանց, արխիվ

Հայաստանում դեռ համաճարակային դրություն է, բայց վարչապետ Փաշինյանը երկրորդ օրն է՝ ելույթ է ունենում առանց դիմակի։ Պարետ Տիգրան Ավինյանի վերջին որոշումն է։ Այսուհետ դիմակ կրելու պարտադիր պահանջը մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների համար կգործի մասնակի։ Արարողակարգային միջոցառումների ժամանակ նրանք ազատվում են այդ պարտադրանքից։

Ինչո՞ւ պետք է պաշտոնյան ազատվի, իսկ առանց դիմակ ելույթ ունեցող շարքային քաղաքացին տուգանվի, քննադատում են սոցիալական ցանցերում։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ է զայրացած պարետի որոշումից։ Սա խտրական մոտեցում է, ասում է նա։

«Ընդգծել են իրենց արտոնյալ լինելն, ինչն անթույլատրելի է, Հայաստանում որևէ մեկը չի կարող իրեն արտոնյալ համարել անկախ նրանից, թե ինչ քանակի ձայներ են հավաքել, ինչ աստիճանի լեգիտիմություն ունեն», - նշեց Կարապետյանցը:

Ըստ պարետի՝ դիմակ կրելը պարտադիր չէ հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների ու միջոցառման անմիջական մասնակիցների համար, բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։

Այդ ի՞նչ տրամաբանությամբ են որոշել, որ աշակերտներից որոշակի հեռավորությամբ կանգնած ուսուցիչը, հանրահավաքում ելույթ ունեցողը դիմակով պետք է լինի, իսկ պաշտոնյան այդ պարտադրանքից ազատվի, տարակուսում է իրավապաշտպանը։

«Իհարկե, ընդունում եմ, որ սա խտրական մոտեցում է, որովհետև եթե մնացած բոլոր ելույթների համար, դիցուք, օրինակ, միտինգին մասնակցելու համար ինչ-որ առիթով ես հանդես գամ որպես ելույթ ունեցող, փորձեմ հանել դիմակը, որպեսզի կարողանամ նորմալ արտահայտվել, ինձ, բնականաբար, կտուգանեն դրա համար», - նշեց Նինա Կարապետյանցը:

Որոշման տրամաբանությունը պարետատնից մեկնաբանել չցանկացան։ Աղմուկն անտեղի է, փոխանցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և հստակեցրեց՝ դիմակ չկրելու որոշումը վերաբերում է միայն ուղերձ հղելուն կամ ելույթ ունենալուն։ Ելույթից հետո կրելը պարտադիր է, ասաց խոսնակը։ Որոշման ձևակերպումն այլ բանի մասին է վկայում, հակադարձում է Նինա Կարապետյանցը։

«Ուզում եմ ասել, որ այդքան էլ հասկանալի չէր, որ միայն ուղերձ հղելու ժամանակ պետք է լինի, արարողակարգային ավելի լայն իմաստով տրված էր ձևակերպումը, ինքը նշանակում էր, որ ամբողջ ընթացքում ես առնվազն գոնե այդպես եմ հասկացել: Ես ավելի քան համոզված եմ, որ հիմա կփորձեն գտնել արդարացումներ, որ դա այնպես չի ինչպես հանրությունը հասկացել է, որ առանձին իրավիճակների դեպքում է լինելու, փոքր, դրվագային իրավիճակներում է լինելու, բայց ասեմ, որ դա արդարացում չի», - ընդգծեց նա:

Որոշումներով կանոններ են հաստատվում բոլորի համար, ոչ թե արտոնյալների։ Այն պետք է վերանայվի և հասցեատերերի ցանկը ընդլայնվի։ Հատկապես, որ Փաշինյանն է խոստովանել՝ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, հիշեցնում է իրավապաշտպանը:

«Վիրուսը չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ պաշտոն, ո՛չ ձայների տոկոս, ո՛չ լեգիտիմության աստիճան: Վիրուսը խոսում է բոլորին», - ընդգծեց Կարապետյանցը:

Իսկ հակահամաճարակային անվտանգության տեսանկյունից արդյոք ռիսկային չէ պարետի վերջին որոշումը, համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով՝ մեծ խնդիր չի լինի, եթե անվտանգության կանոնները պահպանվեն և մյուսները կրեն դիմակ։

«Եթե հանդիսատեսը լինի հեռավորության վրա ու այդ մի քանի առաջին դեմքը, որոնք ֆիքսված են պարետի որոշման մեջ, լինեն առանց դիմակի, այստեղ ես կարծում եմ՝ մեծ խնդիր չի առաջանա», - ասաց համաճարակաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG