Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ցույց Մինսկում, օգոստոս, 2020թ․

Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու համար, հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Մենք, ընդհանուր առմամբ, արդեն իսկ համաձայնության ենք եկել՝ ինչպես է կազմվելու և ով է լինելու ցուցակում», - ասել է Չեխիայի արտգործնախարար Թոմաս Պետրիչեկը։

Հարցին՝ արդյո՞ք այդ ցուցակում լինելու է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, դիվանագետը պատասխանել է․ - «Իմ համոզմամբ՝ այո, սակայն գուցե ոչ թե առաջին փուլում, այլ՝ ավելի ուշ, եթե մենք չտեսնենք որևէ առաջընթաց այս հարցում»։

Եվրամիությունը հայտարարել էր, որ չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունները, որոնց արդյունքներով՝ Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել է նախագահ։ «Դրանք ոչ արդար էին, ոչ՝ ազատ»,-հայտարարել էր պաշտոնական Բրյուսելը։