Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է Մոսկվա

Ռուսաստան - Հարձակումը հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, Մոսկվա, 23-24 հուլիսի, 2020թ.

Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է Մոսկվա:

Առևտրային պատերազմը, չնայած հավաստիացումներին, թե խնդիրը կարգավորվել է, նոր շարունակություն է ստացել: Երեկ հայտնի է դարձել, որ “Твой дом” առևտրի կենտրոնում հրաժարվում են իրացնել հայկական ապրանքը՝ խոսքը մասնավորապես հայկական չրերի, հանքային ջրերի և պահածոների մասին է:

“Твой дом” առևտրի կենտրոնը, որը խոշորագույններից է Մոսկվայում, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովին:

Հայ-ադրբեջանական բախումներ՝ արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում

Իսկ մինչ մոսկովյան առևտրի կենտրոնների և շուկաների ադրբեջանական ծագում ունեցող սեփականատերերը հրաժարվում են հայկական ապրանքից, հայ-ադրբեջանական բախումներ են տեղի ունենում արդեն Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներում:

Ռուսաստանյան մամուլն այսօր գրել է, որ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքն ավարտվել է զանգվածային ձերբակալությամբ: “Московский Комсомолец”-ը հայտնել է, որ Մոսկվայի Մարյինո շրջանում այս գիշեր բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, որ ադրբեջանցիները ջարդում էին հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ: Թերթը հայտնում է նաև մի քանի տուժածների մասին, և որ Մոսկվայի ոստիկանությունն ու «Ռոսգվարդիա»-ն ձերբակալել են 13 մարդու: Նույն “Московский Комсомолец”-ը հայտնել է նաև, որ ավելի վաղ Մարյինո շրջանի այգիներից մեկում մի խումբ հայեր ծեծել են ադրբեջանցու:

РИА “Новости” գործակալության տվյալներով՝ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի 13 մասնակիցների, ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է մեկ մարդ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը՝ հավելելով, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել հուլիսի 23-ին ուշ երեկոյան Պերերվա փողոցում: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ուսի կտրված վերքով:

Համացանցում այս գիշեր տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ հայհոյելով ծեծում մի տարեց մարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ում է պատկանում Ղարաբաղը:

Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Դավիթ Տոնոյանը, «Ազատությանը» հայտնեց վերջին տեղեկությունները հարձակումների և ձերբակալվածների մասին. - «Հարձակումներից մեկ ժամ հետո Մոսկվայի ոստիկանության և ծառայության ստորաբաժանումները ակտիվ զբաղվում էին ձերբակալություններով: Մինչև առավոտ, մեր տեղեկություններով, եղել է մոտ 50 ձերբակալում ադրբեջանցիների: Այս պահին այդ հատվածներում, այդ շրջաններում Մոսկվայի, որտեղ եղել են դեպքերը գիշերը, ակտիվ ծառայություն են տանում ոստիկանության ծառայողները, աշխատողները՝ ամեն փողոցի վրա»:

Տոնոյանը հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ տեղի է ունեցել անձանց վրա նվազագույնը հինգ հարձակում, հիմնականում Մոսկվայի հարավային շրջաններում, ու եղել են մի քանի դեպքեր Մոսկվայի մարզի քաղաքներում: Մեկ հայ երիտասարդի դանակահարել էին՝ «գտնվում էր գիշերը հիվանդանոցում, բայց վիճակը նորմալ է»:

«Դեռ, մեր տեղեկությամբ, միայն ադրբեջանցիք են ձերբակալված», - նաև փոխանցեց Դավիթ Տոնոյանը:

«Այս հարցով տեղյակ է ամբողջ իշխանությունը Ռուսաստանի»

Այսօր առավոտյան Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել երկխոսություն սկսել և չտրվել ծայրահեղականների սադրանքներին: Հայտարարությունում նաև ասված է. - «Այսօր Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին երկխոսության կոչ է անում: Կոչ եմ անում չհետևել այն ուժերին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ուժեղացումը»:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ էր ունեցել երկրի ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների` Food City առևտրի կենտրոնի սեփականատեր Գոդ Նիսանովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և համաձայնության պահպանման գործում ադրբեջանական և հայկական համայնքների դերը՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Այլ մանրամասներ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնում:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միության նախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի պետական ազգային քաղաքականության տեղեկատվական հանձնաժողովի նախագահը Արա Աբրահամյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց. - «Գիտե՞ք, նախաձեռնությունը իմն էր, ես հանդիպեցի արտաքին գործերի նախարարին, և մենք զրուցեցինք այսօրվա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, թե ոնց անել, որպեսզի այս խնդիրները չտարածվեն, այսօրվա ինչ որ կատարվում է Ռուսաստանում, չտարածվի: Արտգործնախարարը իհարկե տեղյակ էր, էս հարցով տեղյակ է ամբողջ իշխանությունը Ռուսաստանի: Ինքը ասեց, որ Ռուսաստանում անթույլատրելի է, որպեսզի տարբերություն ինչ-որ դնեն մի ազգի, մի որևիցե քաղաքացու, չթողնեն վաճառել մի որևիցե առևտրի կենտրոնում: Սա է խնդիրը, և շատ հստակ հանձնարարություններ են տրված բոլորին»: