Մատչելիության հղումներ

Հայկական ծիրանի մոսկովյան ոդիսականը հանգուցալուծվում է


Ռուսաստան - Հայկական ծիրանի համար հերթը Մոսկվայում, 18-ը հուլիսի, 2020թ.

Հայկական ծիրանի մոսկովյան ոդիսականը հանգուցալուծվում է: Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են՝ ծիրանով բեռնված մեքենաները կրկին կարող են մտնել ադրբեջանցիներին պատկանող Food City շուկա:

Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները շարունակում են ռուսական իշխանությունների ուշադրությունը հրավիրել Մոսկվայում առաջացած խնդրի վրա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդգծել է՝ նման դեպքերն անթույլատրելի են, և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին չորս օր առաջ ադրբեջանցի գործարարներին պատկանող Food City շուկայում արգելել էին հայկական պետհամարանիշներով բեռնատարների մուտքը: Հաջորդ օրն իսկ մոսկվայաբնակ հայերը, ի պատասխան ադրբեջանցի գործարարների, գնել էին Ռուսաստանի մայրաքաղաքում մնացած գրեթե ամբողջ բերքը: Ռուսաստանահայ գործարարներն էլ անվճար տեղեր էին հատկացրել հայկական ապրանքների վաճառքի համար:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարեց՝ առաջացած խնդիրների վերաբերյալ դիմել են Մոսկվայի իրավապահ մարմիններին: Դեսպանի խոսքով՝ այժմ Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Մոսկվայում, հայկական արտադրանքի սպառման հետ կապված խնդիրներ չկան, սակայն դեռ վերջնական լուծում չկա: Food City-ի կայանատեղիում արգելափակված բոլոր 52 մեքենաները կարողացել են դուրս գալ այնտեղից, մնացել է միայն մեկը, որը սարքին չէ, երկու օր առաջ ռուսական RBC-ի հետ զրույցում ասել է դեսպանը: Դեսպանատունը հայերին կոչ է անում զգոն լինել, սադրանքների չտրվել, զերծ մնալ չհամաձայնեցված ակցիաների մասնակցելուց ու չխախտել Ռուսաստանի օրենսդրությունը:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ դիմել է Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին: Ըստ նրա՝ Food City-ի ղեկավարության գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում՝ խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում: Գևորգյանը հույս է հայտնել, որ կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ՝ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները, հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը նույնպես անհանգստություն է հայտնել օրեր առաջ ծագած խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ շուկայի ղեկավարության գործողություններով խախտվում է ԵԱՏՄ չորս ազատություններից մեկը՝ միության անդամ երկրների տարածքում ապրանքների և ծառայությունների ազատ տեղափոխումը:

XS
SM
MD
LG