ԱՄՆ-ը արտասահմանցի ուսանողներին մուտքի վիզա չի տա հեռավար կրթության համար

ԱՄՆ - Ուսանողներ Հարվարդի համալսարանի բակում, Քեմբրիջ, Մասաչուսեթս, մարտ, 2020թ.

Ամերիկան հայտարարել է, թե մուտքի արտոնագիր չի տա արտասահմանցի այն ուսանողներին, որոնց կրթությունն այս ուսումնական տարում լինելու է հեռավար։

Ներգաղթի դաշնային գործակալությունը նշել է՝ արդեն իսկ երկրում գտնվող օտարերկրացի ուսանողները պետք է կա՛մ հեռանան, կա՛մ տեղափոխվեն այլ ԲՈՒՀ-եր, որտեղ դասավանդումը կշարունակվի սովորական ռեժիմով։ Հակառակ դեպքում նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարող են արտաքսվել։

Այս փոփոխությունը կարող է ազդել հարյուր հազարավոր ուսանողների վրա, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հեղինակավոր մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանը, պատրաստվում են հաջորդ ուստարում կրթությունը հեռավար կազմակերպել։