«Սա համարում եմ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում, պատմական քայլ է». Վահե Գրիգորյան

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, 26-ը հունիսի, 2020թ.

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են։ Դատավորների պաշտոններից ազատվել են Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը։ Սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են։

ՍԴ նախագահի և անդամների լիազորությունները դադարեցնելու համար միայն սահմանադրական փոփոխությունները բավարար չեն, պնդում է Ալվինա Գյուլումյանը, որն այսօր սովորականի պես աշխատանքի էր եկել։

«Ոչ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի կազմակերպումը և գործունեությունը: Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել», - ասաց Գյուլումյանը:

Ալվինա Գյուլումյանից բացի սահմանադրական փոփոխությունների մյուս հասցեատերերին առավոտից դատարանի մոտ աշխատող լրագրողներն այդպես էլ չտեսան։ Պարզվեց՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը դեռ երեկ մինչև այս փոփոխությունները արձակուրդ են վերցել։

Ըստ պաշտոններից ազատված դատավորների, Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կարգը բացի Սահմանադրությունից սահմանվում է նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքով և ըստ նրանց, քանի որ այդ նորմը Ազգային ժողովի կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, փոփոխությունները չեն կարող գործել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի հերքում, որ այս փոփոխությունը չի կատարվել, բայց պնդում է՝ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են անկախ այդ կարգավորումներից:

«Դատարանում, երբ որ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային այսպես ասած որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը, առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա», - ասաց Գյուլումյանը:

Ալվինա Գյուլումյանը այսօր էլ վերահաստատեց՝ դատարանի շենքից դուրս էլ չի լռելու և խախտված իրավունքների համար պայքարելու է մինչև վերջ, ուժով չի մնալու Սահմանադրական դատարանում, պայքարը կշարունակի շենքից դուրս: Վստահ է՝ արդարության է հասնելու Ուկրաինայի օրինակով:

«Սա դատարան է և բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ և նույնիսկ դատարանն էլ թույլ չի տա ինձ այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու, ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար: Երբ որ Ուկրաինայում եղան հայտնի դեպքերը, Սահմանադրական դատարանի անդամներին նույնպես այս կարգով վարվեցին, հեռացրեցին, այսպես ասած ձևավորեցին նոր Սահմանադրական դատարան, իրենց սրտի դատարանը: Բայց անցավ մի որոշակի ժամանակ, Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահը, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց միևնույն է գտնելով, որ այն ժամանակ Սահմանադրական դատարանի անդամների իրավունքները խախտվել է, վերականգնեց նրանց աշխատանքի», - ընդգծեց Գյուլումյանը:

Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են այն անդամների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Նախկին սահմանադրություններով ընտրված յոթ անդամից հեռանում են երեքը, իսկ չորսը՝ Արևիկ Պետրոսյանը, Աշոտ Խաչատրյանը Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը շարունակում են մնալ նոր ձևավորվող կազմում՝ որպես դատավորներ։

Դատավորների թափուր պաշտոնները լրացվում են երկամսյա ժամկետում, իսկ մինչև նոր կազմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:

Կշարունակեն արդյոք նոր կազմում այս պաշտոնավարել, դեռ հայտնի չէ։

Արձակուրդի մեկնած Հրայր Թովմասյանի պարտականություններն, ըստ Գյուլումյանի, ինքն է ստանձնել՝ որպես փոխնախագահ, այսօր հենց այդ կարգավիճակով էլ դատարան էր եկել:

Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարված կհամարվի սահմանադրական այս փոփոխություններն արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում, դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: ՍԴ ճգնաժամի մասին ուղիղ մեկ տարի առաջ հայտարարել էր հենց նա:

«Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում միանշանակ ճգնաժամը այլևս հաղթահարված է լինելու», - ասաց Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանի ոչ լեգիտիմության և նախկին իշխանությունների օրոք ընտրակեղծարարությունների ճարտարապետ լինելու մասին Վահե Գրիգորյանը ծավալուն հոդվածներով է հիմնավորել։ Սահմանադրական փոփոխություններով իր, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ գնահատականներին արժանացած դատավորներից չորսը պաշտոնավարելու են նոր կազմում։ Վահե Գրիգորյանին հարցրինք՝ այս լուծմամբ դատարանի լեգիտիմության խնդիրը լուծվա՞ծ է համարում։

«Հայաստանում դեմոկրատական լեգիտիմությամբ օժտված առաջնային մարմինը, որը ժողովրդավարական ընտրություններով ձևավորված խորհրդարանն է եղել, այլև էս բոլորի և ողջ դատարանի հետ կապված փակել է բոլոր էջերը՝ դեմոկրատական լեգիտիմության վերաբերյալ, որովհետև, եթե կա դեմոկրատական լեգիտիմության խնդիր, ոչ ոք չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել բարձրագույն դատական ատյանում: Այսինքն լուծման այս տարբերակը նաև հրաշալի հնարավորություն է մեր ողջ կազմի համար: Սա Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծում է և միանշանակորեն ողջունում եմ Ազգային ժողովի այս քայլը: Սա համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, իմ կարծիքով, սա պատմական քայլ է եղել», - պատասխանեց Վահե Գրիգորյանը:​

Վահե Գրիգորյանի պնդմամբ՝ մինչև երեք դատավորի թափուր պաշտոնները լրացնելը Սահմանադրական դատարանը 6 դատավորով կարող է նիստեր հրավիրել և որոշումներ ընդունել:

Երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները սկսվում են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին օրվա վերջում հայտարարեց Ազգային ժողովը։