Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդմամբ՝ Արարատի մարզի համայնքներին պատկանող հողամասերը պաշտոնյաների դրդմամբ ձևական աճուրդով օտարվել են, մի շարք պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ հանցանքին դրդելու համար, իսկ Մխչյանի և Շահումյանի գյուղապետեր Սերժիկ Բաբայանին ու Խաչիկ Պողոսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան կալանավորված է, գյուղապետերը ազատության մեջ են։ Կասկածյալի կարգավիճակ ունեն ԱԱԾ Արտաշատի բաժնի պետը, նույն բաժնի օպերլիազորը և Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ, հաղորդում է ԱԱԾ-ն։ Ըստ մեղադրանքի, ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետ Արմեն Հովհաննիսյանի դրդմամբ Շահումյանի համայնքի ղեկավար Սերժիկ Բաբայանը գյուղի 6 հազար քառակուսի մետր հողատարածքը ավագանու որոշմամբ վաճառել է շուկայական գնից էժան՝ 1 միլիոն 700 հազար դրամով։
«Ազատության» հետ զրույցում Շահումյանի համայնքապետն ասաց՝ մեղադրանքն ընդունել է, թեև իր արարքում հանցագործություն չի տեսնում. - «Չէ, ես գրել եմ, որ ընդունում եմ: Հետաքննություն է հիմա գնում»: Հարցին` որպես վնաս որևէ գումար վերականգնե՞լ է, պատասխանեց. - «Ախր, ես վնաս չեմ պատճառել, որ վերականգնեմ»:
Ասաց՝ խոսքը 2019 թվականին է վերաբերում, և ըստ երևույթի, իրեն մեղադրում են, որովհետև աճուրդը կազմակերպել է ԱԱԾ աշխատակցի խնդրանքով։ Պնդեց՝ ԱԱԾ Արարատի մարզային պետին չի էլ ճանաչում, նրա խնդրանքն իրեն ուրիշն է փոխանցել։ «Ես իրեն ոչ տեսել եմ, ոչ ճանաչել եմ, ինձ ուրիշ մարդ է ասել իրա անունից: Իմ համար ի՞նչ տարբերություն` ով էր ուզում, ես դրել եմ աճուրդի, եկել են, մասնակցել են, ուղղակի ինքը չի եկել, ես իրան ոչ մի անգամ չեմ տեսել, բացի էտ ուրիշ գործով էլ ես չեմ տեսել: Ուրիշ մարդ է եկել, մասնակցել աճուրդին, ինքը ուրիշին խնդրել ա, խնդրել ա, թե չէ, չեմ կարող ասել, ասել ա, որ հող եմ ուզում էտ մասից, ինձ էլ ասին, ես էլ ասի` կա, կարանք տանք օրինական վաճառքով աճուրդով», - ասաց Շահումյանի համայնքի ղեկավար Սերժիկ Բաբայանը:
Մխչյան գյուղի ղեկավար Խաչիկ Պողոսյանը սակավախոս էր։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող գյուղապետը չպատասխանեց հարցին՝ ընդունում է, մեղադրանքը, թե ոչ. - «Ինչ որ հաղորդագրության մեջ տրված է, մնացածը գտնվում է իրավական տիրույթում, չշտապենք»:
Հարցին, թե նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, կարճ արձագանքեց. - «Հաղորդագրության մեջ ասված է»:
Ըստ ԱԱԾ-ի` Մխչյան գյուղում նույն սցենարով` 0.9 հեկտար մակերեսով հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է ԱԱԾ Արարատի մարզի պաշտոնյայի սանիկին։ Գյուղապետը ավելի քան 11 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասի մեկնարկային գինը գրեթե երկու անգամ էժան է սահմանել և 6 միլիոն դրամով ձևական աճուրդով այն վաճառել։ Ըստ ԱԱԾ-ի, սրա հետևանքով համայնքը զրկվել է ավելի քան 5 միլիոն դրամից։ ԱԱԾ-ն հաղորդում է նաև, որ իրենց համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և որ ցուցաբերելու են առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երևույթները բացառելու և օրենքի առջև հավասարության սկզբունքը կենսագործելու ուղղությամբ: