Մատչելիության հղումներ

ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետը ներգրավված է եղել չարաշահումներում, նա կալանավորված է. ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում, ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք:

«Պարզվել է, որ Ա.Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա.-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ.Ս.-ի միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ.-ին և վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչնդոտների կազմակերպել և ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա.-ին կամ ձևական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն:

Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5.850.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա.-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձևական աճուրդի ընթացքում Ա.Ա.-ն, ընդամենը 250.000 ՀՀ դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող և 6.100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել փաստացի 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը և դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5.017.800 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ», - մանրամասնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաև բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձևական աճուրդի արդյունքում օտարվել են նաև Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա և մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերիու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում, համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1.705.000 ՀՀ դրամ արժեքով, իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից», - շարունակում է ԱԱԾ-ն:

Նույն գործի շրջանակներում, ըստ ԱԱԾ-ի, «ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերևույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել»:

Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել, համապատասխանաբար, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա.Հ.-ն կալանավորվել է:

Գործով կասկածյալի կարգավիճակում հարցաքննվել են նաև Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ԱԱԾ Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետը և նույն բաժնի օպերլիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ, ասված է հաղորդագրությունում:

«Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց ներգրավմամբ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ «համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երևույթները բացառելու և օրենքի առջև հավասարության սկզբունքն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ», ու ԱԱԾ այլ պաշտոնյաների կողմից հնարավոր նմանատիպ գործողություններից տուժած քաղաքացիներին կոչ է անում դիմել ծառայություն՝ «երաշխավորելով դիմող քաղաքացիների անվտանգությունը և անձի գաղտնիությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է. - «ԱԱԾ գործողությունների արդյունքում կալանավորվել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԱԾ Արարատի մարզային վարչության պետը: Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG