Չեխիան բացում է Ավստրիայի և Գերմանիայի հետ սահմանները

Չեխիայում չեղարկել են համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը, Պրահա, 25 մայիսի, 2020թ.

Չեխիան հաղորդել է Ավստրիայի և Գերմանիայի հետ սահմաններն այսօրվանից ամբողջությամբ վերաբացելու մասին:

Երեկվանից ամբողջությամբ վերաբացվել է Սլովակիայի հետ սահմանը, իսկ վաղվանից բոլոր արգելքները կչեղարկվեն նաև Հունգարիա մեկնողների և Հունգարիայից ժամանողների համար:

Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրիչեկն ասել է, որ թեպետ Ավստրիա և Հունգարիա մեկնողների համար այլևս չկան արգելքներ, Գերմանիա մեկնողները պարտավոր են պահպանել այդ երկիր մուտք գործելու տեղական օրենքները:

Հունիսի 20-ից Չեխիան մտադիր է չեղարկել նոր կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված մուտքի սահմանափակումներն ավելի քան 20 եվրոպական երկրների քաղաքացիների համար:

Այն երկրների քաղաքացիները, որտեղ համավարակը դեռ չեն զսպել, Չեխիա ժամանելուց պարտավոր են ներկայացնել COVID-19 հիվանդության բացասական թեստ կամ ենթարկվել կարանտինի:

Չեխիայում հունիսի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 9 հազար 494 դեպք, մահացել է 326 մարդ, ապաքինվել է 6 հազար 809 հիվանդ:

Չեխիայի տարածքում մարդիկ կարող են հանրային վայրերում այլևս չկրել դիմակներ, սակայն դրանք պարտադիր են տրանսպորտում: