Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին հիվանդանոցում պահելու դատարանի որոշումը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկեն Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մինչև համավարակի ավարտը հիվանդանոցում պահելու մասին դատարանի որոշումը:

Դավթյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեությունը, երբ հարցեր հնչեցին կոնկրետ այդ քրեական գործի և երկրորդ նախագահի փաստաբանական թիմի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, պարզաբանելով դատարանի որոշումը, ասել էին, թե նա կմնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, քանի դեռ առկա է կորոնավիրուսով վարակվելու վտանգը:

Դատախազության ներկայացուցիչներն այդ նիստին ներկա չեն եղել: Արթուր Դավթյանի խոսքով, օրենսդրական ոչ-հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները դատախազությանը չեն ծանուցում: Մինչդեռ ինքը համոզված է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա. – «Քրեակատարողական ծառայության մեր գործընկերներ հետ, այնինքն` կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկենք հետագա անելիքները»:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը») հարցրեց Արթուր Դավթյանի կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Այս փաստաթուղթը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում տուժող կողմի ներկայացուցիչները և ամբաստանյալի ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազի կարծիքով, ամեն բան շատ հստակ է` ՄԻԵԴ-ի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է. – «Հստակ ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ինքնին փաստով չի տեսնում և Եվրոպական դատարանը: Իսկ եթե փորձեմ ամփոփել ոչ մասնագետի լեզվով, ապա Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր` նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ էդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման այսքանով չավարտվեց: Անդրանիկ Քոչարյան («Իմ քայլը») հարցին, թե ինչ է անում դատախազությունը, որպեսզի բացառի Մարտի 1-ի գործով նիստերի հետաձգումը, Դավթյանն արձագանքեց, թե գործը դատարանի վարույթում է, ուստի որոշումները պետք է ընդունի դատարանը. – «Երբ կայացել են նիստերը, խափանման միջոցի փոխոխման միջնորդություն է պաշտպանների կողմից ներկայացվել: Ակնհայտորեն պաշտպանական իրավունքի չարաշահման վկայություն է: Եվ մենք գտնում են, որ դատարանը բոլոր հիմքերն ունի այս հիմնավորմամբ, ըստ էության, սահմանափակելու համապատասխան փուլին բնորոշ դատավարական գործողությունները և անցնելու դատաքննությանը, անցնելու ապացույցների հետազոտմանը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին հետաքրքրում է, թե որ փուլում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտի ձևավորումը: Դավթյանը հայտնեց, որ համապատասխան ստորաբաժանման դատախազների և ոլորտը համակարգող տեղակալի ընտրության համար հանձնաժողովը ձևավորված է, մրցույթները հայտարարված են և առավելագույնը սեպտեմբերից այս ինստիտուտը կսկսի գործել:

Ավելի վաղ իր հաշվետվությունը ներկայացնելիս Դավթյանն ասել էր, որ 2018-2019 թվականներին հայտնաբերված պետությանը պատճառած վնասը կազմել է մոտ 82 միլիարդ դրամ, որը 2,5 անգամ գերազանցում նախորդ 9 տարիների հանրագումարային արդյունքը։

Նա համարում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ընդունումը աննախադեպ և արդյունավետ նոր գործիքակազմ կլինի. – «Հատկապես պետական, հանրային միջոցները, որոնք ապօրինի տիրապետման տակ են, թիրախավորելու և իրավաչափ սեփականատիրոջը օրենքով սահմանված կարգով վերադարձնելու գործում քայլեր կձեռնարկվեն»:

Հանցագործությունների ընդհանուր դեպքերը նախորդ տարի աճել է 8.8 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղվածները՝ նվազել։ Ներկայացնելով 2019-ի դատախազության գործունեւոյթունը՝ դատախազ Արթուր Դավթյանն որպես ձեռբերում ընգծեց՝ անհամեմատ նվազել է ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու նպատակով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան:

Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկ է նկատվել։ 2020-ի հիմնական առաջնահերթություններից է անողոք պայքարը բանակում քրեական ենթամշակույթի դեմ։

Չնայած ներկայացած հիմնականում դրական ցուցանիշներին, պատգամավորները մատնանշեցին նաև դատախազության բացթողումները։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դատախազ Արթուր Դավթյաին հիշեցրեց, որ Մարտ 1-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր, մասնավորապես` գործով անցնող մի քանի դերակատարների փախուստը Հայաստանից. – «Նախկին իշխանության կողմից դրված ականներ կան թողնված: Այս ուղղությամբ մեծապես կարևոր եմ համարում դատախազական համակարգի զտումը, վեթինգը, որը պետք է կրի պարբերական բնույթ»: