Մատչելիության հղումներ

Դատախազություն. ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է` քրեական հետապնդման մարմինների գործողությունները եղել են իրավաչափ


Հայաստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի հրապարակած խորհրդատվական կարծիքի վերաբերյալ իր պարզաբանումները:

Դատախազությունը նախ նշել է, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դրա վերաբերյալ շտապել են հանդես գալ խիստ միակողմանի, «մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը»:

ՀՀ Սահմանադրական դատարանը նախորդ հուլիսին խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց:

Պարզաբանման մեջ դատախազությունը, մասնավորապես, նշում է. «ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։

Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին»:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ, ըստ դատախազության, արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։

Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող:

Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- հայտարարում է դատախազությունը:

XS
SM
MD
LG