Զանգվածային թեստավորումը ճիշտ է, կօգնի պարզել ախտանիշներ չունեցող վարակակիրներին. համաճարակաբաններ

Բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի կարծիքով, Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության պատկերը որոշելու, վարակի նոր բռնկումը կանխելու համար անհրաժեշտ է զանգվածային թերստավորում իրականացնել։

«Որպեսզի մաքսիմալ ունենաս պատկեր, թե ինչքան հիվանդ ունես։ Դա կարևոր է, որովհետև որևէ լուրջ համաճարակաբանական վերլուծություն անելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչքան հիվանդ ունես այս պահին։ Դա նաև ինչի համար է կարևոր, որպեսզի ինչ-որ միջոցառումներ իրականացնելուն պես դու կարողանաս հասկանալ արդյունավետությունը, գնահատես [իրավիճակը] մինչև այդ միջոցառումը և միջոցառումից հետո», - ասաց Բադալյանը։

Կառավարությունը նախատեսում է թեստավորման քանակն ավելացնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ այս շաբաթվա վերջին օրական հազար հոգու կթեստավորեն։ Մինչև այդ թեստավորվում էր 200-400 մարդ։

Արման Բադալյան․ - «Իջնում-բարձրանում է․ 11, այսօր՝ 20․․․ ինքը փոխվում է։ Եվ թեստերի մեծ քանակը արդեն կվկայի, թե ինչ է մեզ մոտ կատարվում իրականում։ Ու արժի՞ էլի շարունակել մասսայական թեստավորում, թե՞ չէ։ Մի պահ պետք է հստակ հասկանանք, թե ինչքան հիվանդների մաքսիմալ թիվ ունենք։ Եվ դրա համար կօգնի այդ մասսայական թեստավորումը։ Անգամ պրոգնոզի տեսանկյունից, որպեսզի հասկանանք․․․ և նաև միջոցառումներն էլ փորձենք քիչ-քիչ արդեն հասկանալ ինչքանով են արդյունավետ՝ կարանտինը, սոցիալական հեռավորությունը և այլն»։

Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը Կառավարության այս քայլը կարևոր է համարում և ընդգծում, որ իրենք ավելի վաղ էին առաջարկում զանգվածային թեստավորումը, որը կարևոր է նաև սահմանափակող միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար․ - «Բազային, հիմնական թիվը լավ կլինի, որ դու ունենաս, նոր սկսես նայել միջոցառումները, գնահատել ինչքանով են արդյունավետ։ Սա տիպիկ համաճարակաբանական հարց է։ Շատ լավ կլինի, որ իրական թիվ ունենաս հիվանդների»։

Հայաստանի իշխանությունները սպասում են 60 հազար թեստի։ Առողջապահության նախարարությունը Ռուսաստանից ևս 10 հազար թեստ է խնդրել, 3 հազարն արդեն ուղարկվել է։

Վարչապետն ասաց, որ գնելուց բացի, Հայաստանում դրանք արտադրելու ուղղությամբ քայլ կանեն, արտադրությամբ կզբաղվի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Գործադիրի ղեկավարի խոսքով, 550 հազար դոլար կհատկացնեն թեստերն արտադրելու համար անհրաժեշտ հումքի ձեռք բերման համար։

Արման Բադալյան․ - «Ուրիշ հարց է՝ ինչ թեստ, ինչ որակի թեստ․․․ դա ավելի լոգիստիկ հարցեր են, և հնարավոր է, որ ինչ-որ սահմանափակումներ լինեն, ֆինանսական ինչ-որ հարցեր լինեն և այլն։ Բայց ինքնին գաղափարը շատ թեստերի, մեր կարծիքով, կարևոր է»։

Հանրության զանգվաբար թեստավորելու կողմնակից է նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի Հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը։ Նրա խոսքով, զանգվածային թեստավորման արդյունքում հնարավոր կլինի բացահայտել նաև ախտանիշներ չունեցող վարակակիրներին․ - «Այսօր ես տեղեկացա, որ 25 տոկոսի դեպքում այն կարող է ընթանալ առանց ախտանիշների։ Իսկ որոշ մարդկանց մոտ ախտանիշներ կարող են զարգանալ ինֆեկցումից երկու օր հետո։ Սա նշանակում է, որ մենք ունենք իրական ինֆեկցիայի աղբյուրներ, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում»։

Ղազինյանը համոզված է, որ զանգվածային թեստավորումից հետո կբարձրանա վարակվածների ցուցանիշը, բայց պատկերն ավելի պարզորոշ կլինի, և վարակակիրները ճիշտ ժամանակին կմեկուսացվեն․ - «Ես ողջունում եմ այդ որոշումը, որովհետև այդ թեստերի միջոցով առաջին հերթին մենք կարող ենք հայտնաբերել որքան ունենք ինֆեկցված։ Մենք կարող ենք տալ մեր տվյալները, թե այդ ինֆեկցվածներից քանի հոգու մոտ է այն ընթանում անախտանիշ։ Եվ վերջապես մենք կարող ենք ճիշտ ժամանակին մեկուսացնել այն մարդկանց, որոնք համարվում են ինֆեկցիայի աղբյուր»։

Ղազինյանի խոսքով, համաճարակի հաղթահարումը և կյանքի բնականոն հունին վերադառնալը խիստ կախված է քաղաքացիների վարքից։ Նա կոչ է անում քաղաքացիներին հետևել արտակարգ դրության ռեժիմին և անվտանգության կանոններին։

Իսկ Արման Բադալյանը հորդորում է հատկապես ուշադրություն դարձնել մինչև երկու մետր սոցիալական հեռավորությունը պահպանելուն, ինչը անտեսվում է հիմնականում խանութներում։