Մակրոն. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն հետաձգվի

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Չնայած Եվրոպայում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակին՝ կիրակի օրը Ֆրանսիայում նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չեն հետաձգվի: Հինգշաբթի երեկոյան ֆրանսիական առաջատար հեռուստաալիքներով հեռարձակված ելույթում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Մի քանի օրից կայանալիք ընտրությունների համատեքստում ես հարցրել եմ մեր գիտնականների կարծիքը: Նրանք նշեցին, որ որևէ գործոն չկա, որ կարող է խոչընդոտել Ֆրանսիայի բնակիչների, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի կամարտահայտմանը», - ասել է Մակրոնը:

Կիրակնօրյա ընտրությունների ընթացքում Ֆրանսիայի քաղաքացիները պետք է ընտրեն ավելի քան 35 հազար մեծ ու փոքր բնակավայրերի ղեկավարներին: Հիմնական ուշադրությունը կենտրոնացել է Փարիզի քաղաքապետի ընտրությունների վրա: Այստեղ հիմնական պայքարը ծավալվել է ֆրանսիական մայրաքաղաքի գործող ղեկավար, սոցիալիստ Անն Իդալգոյի և Մակրոնի կուսակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Անյես Բյուզենի միջև: