«Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպման ժամկետը հայտնի չէ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտիրի Պեսկովն ասել է, թե «Նորմանդյան ձևաչափով» նոր գագաթնաժողովի որոշված ժամկետ դեռ չկա:

Այդ ձևաչափով բանակցություններին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան:

«Նախ պետք է հասկանանք, թե որքանով են կատարվում 2019 թվականի դեկտեմբերի 9-ի փարիզյան գագաթնաժողովում ստանձնած վերջին պարտավորությունները», - ասել է Կրեմլի խոսնակը:

Փարիզում կողմերը վերահաստատել են, որ ռուս-ուկրաինական հակամարտության հիմքում մնում են մինսկյան համաձայնությունները, պայմանավորվել են հեռացնել ուժերը շփման գծից և հավանություն են տվել «Շտայնմայերի բանաձևին», որի համաձայն՝ Ուկրաինան օրենքով պետք է հատուկ կարգավիճակ տրամադրի Դոնբասի շրջանին: