Հայթաղ գյուղում հուղարկավորեցին զինծառայող Վահրամ Ավագյանին. ներկա էր Դավիթ Տոնոյանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ներկայությամբ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի գերեզմանատանը հուղարկավորեցին հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանին։

Առավոտյան մահացած զինծառայողի հարազատները Ավագյանի դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել՝ պնդելով, որ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել:

Քննչական կոմիտեն դեպքի օրը հայտարարել էր՝ շարքային Ավագյանը իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Վահրամ Ավագյանի եղբոր կինն ասում էր. - «Տան մեջի ամենափոքր տեգրն էր, մեր կասկածներն էն ա, որ ինքը կյանքում նման բան չի անի, որովհետև ինքը ունի հերն ու մեր, գլխին կայնած 5-6 ախպեր, ունի ընտանիք, ամեն ինչով ապահովված ա, ինքը երբ զանգել ա, ասել` մամ ջան, էս բանն ա ինձ պետք, մենք ուղարկել ենք: Մենք սոված ենք մնացել, զինվորին ենք ուղարկել, որ ինքը տենց բան չի ուզել, բայց մենք ուղարկել ենք: Ինքը էն տղեն չէր, որ կարենային կոտրել, ինքը նենց մարդ էր, որ կամքից թույլ էլ չէր, որ իրան թույլ կտար տենց բան աներ»:

Հարազատներին լսելու էր եկել նախարար Տոնոյանը:

«Ինձ համար սա ինքնասպանություն չի, սրանից ավել ի՞նչ եք ուզում, որ ասեմ», - նշում էր նախարարը:

Տոնոյանը հարազատներին հորդորում էր վերադառնալ գյուղ և հուղարկավորել Ավագյանին, հակառակ դեպքում, ասում էր, ինքը այլևս նախարար չի լինի։ Ի վերջո, հարազատները վերադարձան Հայթաղ։

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ Ավագյանի մահվան առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երեք համածառայակիցները՝ Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը և Դավիթ Մովսիսյանը զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում։ Դավիթ Մովսիսյանը Աժ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: