Պեկինի հետ մերձեցման հակառակորդ Ինվենը վերընտրվել է Թայվանի նախագահի պաշտոնում

Թայվանի վերընտրված նախագահ Ցայ Ինվենը նախընտրական քարոզարշավի ժամանակ, 21-ը դեկտեմբերի, 2019թ.

Շաբաթ օրը Թայվանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է կղզու գործող նախագահ, իշխող «Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության» թեկնածու Ցայ Ինվենը:

Քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի արդյունքների համաձայն` Ինվենը ստացել է ձայների 57, իսկ նրա գլխավոր մրցակից, «Գոմինդան» կուսակցությունը ներկայացնող Խան Գոյուն` 38 տոկոսը:

Հաղթած թեկնածուն դեմ է Չինաստանի հետ հարաբերությունների սերտացմանը, նրա կուսակցությունն աջակցություն է հայտնում Հոնգկոնգում ծավալված բողոքի ակցիաների մասնակիցներին: Վերընտրվելու առթիվ Ինվենին արդեն իսկ շնորհավորել են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի իշխանությունները: