Երկաթուղու աշխատակիցների գործադուլը Ֆրանսիայում պետական SNCF-ին օրական 20 մլն եվրոյի վնաս է հասցնում

Ֆրանսիա - Փարիզի երկաթուղային կայարանը գործադուլի պատճառով դատարկ է, դեկտեմբեր, 2019թ.

Երկաթուղու աշխատակիցների գործադուլը Ֆրանսիայում պետական SNCF ընկերությանը օրական մոտ 20 միլիոն եվրոյի վնաս է հասցնում:

Գործադուլի գրեթե երեք շաբաթվա ընթացքում ընկերությունը մոտ 400 միլիոն եվրո է կորցրել: Այնուամենայնիվ, դեռ վաղ է տնտեսական արդյունքների ամփոփման համար, քանի որ բողոքի ալիքը կարող է է՛լ ավելի ուժեղանալ 2020 թվականին:

Չնայած նախագահ Էմանյուել Մակրոնի՝ «Սուրբ Ծննդյան զինադադարի» կոչին, բողոքի ակցիաներն առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ շարունակվում են: Արհմիությունները հրաժարվել են դադարեցնել գործադուլը: Մայրաքաղաք Փարիզում հասարակական տրանսպորտը լուրջ ընդհատումներով է աշխատում և գրեթե ամբողջովին դադարում է աշխատել հանգստյան օրերին:

Բողոքի զանգվածային ակցիաները Ֆրանսիայում սկիզբ են առել դեկտեմբերի 5-ին՝ նախագահի կողմից փոփոխությունների առաջարկումից հետո, որոնք թոշակի անցնելու հավասար պայմաններ են ապահովում բոլոր ֆրանսիացիների համար՝ չեղարկելով մասնագիտական ավելի քան չորս տասնյակ խմբերի համար տարիներ առաջ ներդրված արտոնությունները: