Պաշտոնանկության պատճառների մասին Վալերի Օսիպյանը լռում է, վարչապետի խոսնակն էլ չի մանրամասնում

Վալերի Օսիպյան, արխիվ

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում մեկ ամիս էլ չաշխատեց: Այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ազատությանը» հայտնեց Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Պատճառների մասին Օսիպյանը լուռ է, Կարապետյանն էլ չի մանրամասնում:

«Վարչապետը ազատել է խորհրդականի պաշտոնից Վալերի Օսիպյանի դիմումի համաձայն», - ասաց Կարապետյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞վ էր դա բացատրվում, վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Դժվար է բացատրել, թե որն է պատճառը նման դիմում գրելու, ինձ թվում է ճիշտ կլինի իրեն հարցնեք»։

Վալերի Օսիպյանը վարչապետի աշխատակազմ տեղափոխվեց ոստիկանապետի պաշտոնից ազատվելու օրը՝ սեպտեմբերի 18-ին: Գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվելուց օրեր անց էլ չէին դադարում լուրերը, որ թողնելու է պաշտոնը: Վալերի Օսիպյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Իր պաշտոնանկությանը դեռ չի անդրադարձել: Մինչդեռ ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո որոշ լրատվամիջոցներում հայտարարություն տարածեց՝ խոստանալով պաշտոնանկության պատճառների մասին խոսել հետագայում:

Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից երկու օր անց: Կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, թե նրանց աշխատանքը չի գոհացրել վարչապետին:

Հարցին՝ խորհրդականի պաշտոնո՞ւմ էլ Օսիպյանը Փաշինյանին չի գոհացրել, Վլադիմիր Կարապետյանը չմեկնաբանեց:

Վալերի Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո: Մինչ այդ նա Երևանի փոխոստիկանապետն էր և ղեկավարում էր ուժայինների գործողությունները նաև հեղափոխության ամբողջ ընթացքում: