Չինաստանն այսօր մեծ շուքով նշում է կոմունիստական պետության հիմնադրման 70-ամյակը:
Մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել աննախադեպ խոշոր զորահանդես, որի ընթացքում Տյանանմենի հրապարակով անցել են Dongfeng-41 տեսակի միջմայրցամաքային հրթիռներ կրող բեռնատարներ:
Հանդիսավոր երթով անցել են հազարավոր զինծառայողներ, ցուցադրվել է մեծ թվով այլ ռազմատեխնիկա, իսկ Պեկինի վրայով անցել են չինական օդուժի ինքնաթիռները:
Զորահանդեսն ընդունել է երկրի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Սի Ծինփինը:
Մոտ 100 հազար մարդ բեմականացված միջոցառում են ներկայացրել: Միջոցառման համերգային բաժնի մասնակիցների թվում են եղել դերասաններ, պարողներ և մարզիկներ:
Հոբելյանական տոնակատարությունն ուղեկցվել է հզոր հրավառությամբ: Զորահանդեսին հետևել են հազարավոր չինացիներ և օտարերկրացիներ:
Այդ զորահանդեսով Պեկինն ընդգծել է Չինաստանի հզորության հանգամանքը: Չինաստանն այսօրվա դրությամբ համարվում է մոլորակի երկրորդ տնտեսությունը Միացյալ Նահանգներից հետո:
Հոբելյանական ուղերձում անդրադառնալով Հոնկոնգի թեմային, նախագահ Սի Ծինփինն ընդգծել է «Մեկ երկիր, երկու համակարգ» սահմանադրական սկզբունքին անշեղորեն հետևելու անհրաժեշտությունը:
Մինչդեռ, բուն Հոնկոնգում այսօր ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել, քաղաքի կենտրոնը փակ է, մեծ թվով խանութներ չեն աշխատում:
Չնայած դրան՝ քաղաքի տարբեր շրջաններում տեղի են ունեցել բախումներ իրավապահների և ընդդիմադիր ակտիվիստների միջև: Հոնկոնգում զանգվածային բողոքներն արդեն 17 շաբաթ են շարունակվում: